ՀԻՆ ԵՐԵՎ

Մ.թ.ա 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջանում է Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:

Արգիշտի Ա արքան իր տիրակալության 5-րդ տարում` մ.թ.ա. 782թ., հիմնադրում է Էրեբունի ամրոց-քաղաքը` ներկայիս Երևանը, որը դառնում է երկրի վարչատնտեսական կարևորագույն կենտրոններից մեկը: Էրեբունու հիմնադրման տարեթիվը ստույգ հայտնի է մեզ հասած սեպագիր արձանագրությունից. «Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտին` Մենուայի որդին, ասում է. այս հզոր ամրոցը կառուցեցի, սահմանեցի Էրեբունի անունը Բիայնիլի երկրի հզորության համար, ի սարսափ թշնամական երկրների: Արգիշտին ասում է. հողը ամայի էր, հզոր գործեր ես այնտեղ կատարեցի Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտի` Մենուայի որդի, թագավոր հզոր, թագավոր Բիայնիլի երկրի, տերը Տուշպա քաղաքի»:

Պահպանված պատմական այդ արձանագրությունը հնարավորություն է տվել գիտնականներին հստակեցնելու Երևանի ծննդյան տարեթիվը` մ. թ. ա. 782թ.: Առաջին բնակիչները զինվորներ էին` թվով 6600:

Էրեբունի-Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ, Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակիցն է, բայց, ի տարբերություն վերջիններիս, դարձել է 21-րդ դարի ծաղկուն քաղաքներից մեկը:

Մեր մայրաքաղաքի անունը գալիս է դեռևս ուրարտական շրջանից` Էրեբունուց: Ուրարտագիտությունից հայտնի է, որ ուրարտերեն «Բ» հնչյունը հայերենում հնչում է «Վ»: Այստեղից էլ Էրեբունի անունը ձևափոխվել է և դարձել Երևան:

Դարերի ընթացքում մեծ է եղել քաղաքի դերը Հայաստանի տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքում: Առևտրի այդ մեծ կենտրոնով էին անցնում քարավանային բազմաթիվ ճանապարհներ: Հնագիտական պեղումները վկայում են, որ Էրեբունին վարչական խոշոր կենտրոն էր` ամենահզորը Արարատյան դաշտում:

Դարերի ընթացքում քաղաքը մնացել է կանգուն` անցնելով բազում արհավիրքների ու փորձությունների միջով: Անթիվ են եղել ասորիների, հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների ու թուրքերի ասպատակությունները, բայց ժողովուրդը շարունակում էր արարել` դիմակայելով բոլոր արհավիրքները: Զուգահեռաբար ստեղծվել է քաղաքակրթություն` արժեքավոր մշակույթով ու գիտությամբ:

…1918թ. մայիսի 28-ին Երևանը հռչակվեց Հայաստանի Հանրապետության, իսկ 1920թ. նոյեմբերի 29-ին` Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք:

Երևանը Խորհրդային Միության առաջին քաղաքն էր, որն ունեցավ գլխավոր հատակագիծ: Ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի հեղինակած գլխավոր հատակագիծը հաստատվեց 1924 թվականին. նախատեսված էր 150000 բնակչի համար:

Ժամանակի ընթացքում քաղաքի վարչական տարածքը մեծացավ 5 անգամ: Սկսվեց կառուցապատումը. Երևանը կառուցապատվում էր բազալտով, գրանիտով, մարմարով: Ամենատարածված շինանյութը վարդագույն տուֆն էր: Եվ քանի որ այդ շինանյութն ինքնատիպ գունագեղություն ու առանձնահատուկ երանգ էր տալիս քաղաքին, սկսեցին Երևանն անվանել «Վարդագույն քաղաք»: Հետագա 70 տարում մայրաքաղաքի տարածքն էլ ավելի ընդլայնվեց:

1991թ. սեպտեմբերի 21-ին Երևանը դարձավ ոչ միայն անկախ Հայաստանի Հանրապետության, այլև աշխարհասփյուռ հայության մայրաքաղաք:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s