ՀՀ միջազգային դրությունը և Հայկական հարցը /1918-1920թթ./

Հայ-վրացական հարաբերությունները

ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը բարիդրացիական հարաբերությունների հաստատումն էր անմիջական հարևանների հետ։ Հայաստանի հարևաններն էին Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը և Պարսկաստանը։ Նրանց հետ կանոնավոր հարաբերությունների հաստատումը հարթ չընթացավ, որովհետև իրար միջև կային ազգային, տարածքային-սահմանային լուրջ վեճեր։ Միակ երկիրը Պարսկաստանն էր, որը Հայաստանի հետ չի ունեցել որևէ լուրջ խնդիր և հանրապետության գոյության ողջ ընթացքում պահպանել է բարեկամական հարաբերություններ:

Հայկական տարածքների նկատմամբ հավակնություններ ունեին հարևան մյուս երեք պետությունները, այդ թվում նաև Վրաստանի Հանրապետությունը։ Պատմությունից մենք գիտենք, որ հայ և վրաց ժողովուրդների միջև գոյություն է ունեցել դարավոր բարեկամություն։ Նրանք շատ անգամ համատեղ պայքարել են օտար նվաճողների դեմ։ Սակայն 1918թ. Վրաստանի և Հայաստանի անկախության հռչակումից հետո տարածքային-սահմանային վեճ ծագեց նրանց միջև, որի պատճառը դեռևս ցարիզմի ժամանակներում կատարված վարչատարածքային անարդար բաժանումն էր։ Հայկական երկու գավառներ Լոռին ու Ախալքալաքը մտցվել էին Թիֆլիսի նահանգի մեջ։

Նորահռչակ Վրաստանի Հանրապետությունը ամեն կերպ ձգտում էր իր սահմանների մեջ ներառել հայաբնակ այդ գավառները։ Հայաստանի կառավարությունը ջանում էր հարցը լուծել բանակցությունների միջոցով։ Սակայն սահմանային այդ վեճը 1918թ. դեկտեմբերին վերաճեց հայ-վրացական զինված ընդհարման պատերազմի։ Երբ վրաց իշխանությունները սկսեցին բռնություններ գործադրել տեղի հայության նկատմամբ, հայկական զորամասերը մտան Լոռի, հաղթանակ տարան վրացիների նկատմամբ և իրենց հսկողության տակ առան գավառամասը։ Հալածանքի ու հետապնդումների ենթարկվեցին Վրաստանում ապրող հայերը։ Փակվեցին ճանապարհները։ Բարեբախտաբար պատերազմը կարճ տևեց` շուրջ երեք շաբաթ:

Խնդրին միջամտեցին Անտանտի` Անգլիայի և Ֆրանսիայի զինվորական ներկայացուցիչները։ 1919թ. հունվարին կողմերի միջև կայացվեց համաձայնություն։ Լոռին հայտարարվեց «չեզոք գոտի»։ Կարճ ժամանակամիջոցում բարելավվեցին հայ-վրացական հարաբերությունները։ Վերաբացվեցին հաղորդակցության ուղիները։

Հայ-վրացական վիճելի տարածքային խնդիրը վերջնականորեն լուծվեց նրանով, որ 1921թ. Ախալքալաքի գավառը կցվեց Վրաստանին, իսկ Լոռին միացվեց Հայաստանին։

Հայ-ադրբեջանական հարաբերությունները

Շատ ավելի բարդ էին հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Առանձնապես սուր և շարունակական բնույթ կրեցին տարածքային-սահմանային վեճերը։ Ադրբեջանը ձգտում էր նվաճել Լեռնային Ղարաբաղը (Արցախը), Զանգեզուրը (Սյունիքը), Շարուր-Նախիջևանը և այլ տարածքներ։ Այդ խնդրում Ադրբեջանին աջակցում էին Անգլիան և Թուրքիան, իսկ 1920թ. գարնանից` նաև Խորհրդային Ռուսաստանը։ 1918թ. վերջին անգլիացիների միջամտությամբ կասեցվեց Անդրանիկի զորախմբի առաջխաղացումը դեպի Շուշի ու Արցախ։ Անգլիական հրամանատարության աջակցությամբ Արցախ-Զանգեզուրի նահանգապետ նշանակվեց թուրքմ ջարդարար Խոսրով բեկ Սուլթանովը։ Արցախ-Սյունիքի հայությունը չճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունը և զենքը ձեռքին պայքարի ելավ իր ազատության ու մայր հայրենիքին միանալու համար։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձգտում էր խաղաղ միջոցներով լուծել Ադրբեջանի հետ ունեցած վիճելի հարցերը։ Սակայն այդ բանակցությունները արդյունք չտվեցին։ Մեծ տերությունները, շահագրգռված լինելով Բաքվի նավթով, ավելի հաճախ ճնշում էին գործադրում Հայաստանի վրա, որպեսզի նա զիջումներ անի Ադրբեջանին։

Այդուհանդերձ, Հայաստանի կառավարությունը անում էր հնարավորինը պաշտպան կանգնելու արցախահայության արդար դատին` «Ղարաբաղը համարելով անբաժանելի մասը Միացյալ և Անկախ Հայաստանի Հանրապետության»։ Շուշիի հայությունը 1920թ. մարտին ենթարկվեց ահավոր ջարդի: Զոհվեց մոտ 8 հազար հայ: Հայաստանի կառավարության որոշմամբ Դրոյի զորախումբը մտավ Ղարաբաղ։ Ապրիլի 25-ին արցախահայության 9-րդ համագումարը որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղը վերամիավորել Հայաստանի Հանրապետությանը։

Իրադրությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում կտրուկ փոխվեց, երբ մի քանի օր անց ապրիլի 28-ին, 11-րդ Կարմիր բանակի միջամտությամբ, առանց որևէ կրակոցի, խորհրդայնացվեց Ադրբեջանը։ Դրանից հետո վերջինիս սկսեց պաշտպանել Խորհրդային Ռուսաստանը։ Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը և Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի հրամանատարությունը վերջնագիր ներկայացրին Հայաստանի Հանրապետությանը։ Դրան հետևեց թուրք-թաթար-բոլշևիկ զինուժի ներխուժումը Ղարաբաղ, Զանգեզուր և Նախիջևան։ Կարմիր բանակի օգնությամբ Ադրբեջանը տիրեց Լեռնային Ղարաբաղին։ Ավելի ուշ 1921թ. հուլիսին, Խորհրդային Ռուսաստանի բարձրագույն իշխանությունների թողտվությամբ Լեռնային Ղարաբաղը, ինքնավար մարզի կարգավիճակով, բռնակցվեց Ադրբեջանին։

Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը, և այն այսօր…

1918-1920թթ.-ներին Հայաստանը գտնվում էր մասնատված վիճակում, ինչպես վերևում նշեցի՝ Լոռին, Ախլքալաքը՝ Վրաստանը ցանկանում էր ամեն կերպ իր տիրապետության տակ վերցնել, Թուրքիան մի կողմից էր նեղում, Արցախը, Սյունիքը, Նախիջևանը Ադրբեջանն էր իրենով անում: Եվ այսպիսի պայմաններում Հանրապետությունը բացի սոցիալ-տնտեսական առումով երկիրը զարգացնելուց, պետք էր սկզբում ապահովեր հայրենի երկրի հողերի լինելիությունը, որպես Հայրենիքի մի մաս, և դրանք պահպանել: Արտաքին քաղաքականությունն այս առումով էր միայն ուղղված, դիմել միջազգային հանրությանը, Անտանտի, Քառյակ Դաշինքի երկրների ուշադրությանը դեպի Հայաստան…

Սևրի պայմանագիր

ևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920թ. օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի կառավարության և 1914-18թթ. Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների միջև: Պայմանագրում մի ամբողջ բաժին (բաժին VI, 88-93 հոդվածներ) նվիրված է Հայաստանին:  Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը: Նա և արևմտահայության Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ: Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s