Առաջադրանք.
1. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Խորհրդային Հայաստանը ազգային-տարածքային չլուծված հիմնահարցերը լուծելու համար:
ՀԿ(բ)Կ Կենտկոմում կայացած խորհրդակցությունը լսեց արտգործժողկոմ Ա. Մռավյանի զեկուցումը հարևան հանրապետությունների հետ սահմանների հաստատման մասին։ Զեկուցողի նախագահությամբ ստեղծվեց հանձնաժողով, որը զբաղվելու էր համապատասխան փաստաթղթերի պատրաստումով։ Տարածքային տարաձայնությունների լուծումն ու կարգավորումը կենտրոնացավ Անդրկովկասի կուսակցական ղեկավար մարմին ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյում։ Թիֆլիսում կայացած Ս. Կիրովի հանձնաժողովի նիստում Հայաստանի ներկայացուցիչ Ալ. Բեկզադյանը առաջարկեց հաշվի առնել նաև Խորհրդային Հայաստանի ծանր դրությունը և տարածքային զիջումներ անել. Հայաստանին միացնել Լեռնային Ղարաբաղը և այլն։ Սակայն Վրաստանը և Ադրբեջանը դեմ արտահայտվեցին տարածքային փոփոխություններին։ Նրանց պաշտպանում էր հանձնաժողովի նախագահ Ս. Կիրովը։ Համաձայնություն չկայացավ նաև վրաց ադրբեջանական վիճելի հարցերում։ Հայաստանի ներկայացուցչի առաջարկով հարցը փոխադրվեց ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրո։
1.Վերլուծել Մոսկվայի և Կարսի 1921թ. պայմանագրերը: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է այսօր վերաբացել-վերանայել այդ պայմանագրերը
Ալեքսանդրապոլի պայմանագրի (1920թ. դեկտեմբերի 2) վերանայման նկատմամբ քեմալական Թուրքիան ուներ ժխտողական դիրք, ուստի Հայաստանն ապավինում էր Ռուսաստանի օգնությանը։ Ավելի ճիշտ, վերջինս ստանձնել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Թուրքիան իր հերթին 1920–1921թթ. օգտագործում էր Հայկական հարցը՝ զիջումներ կորզելու համար ինչպես Անտանտի երկրներից (Անգլիա, Ֆրանսիա և ուրիշներ), այնպես էլ Ռուսաստանից։ 1921թ. սկզբին, երբ ընթանում էր մոսկովյան կոնֆերանսի նախապատրաստությունը, թուրքական կողմն ամեն ինչ անում էր նախապես իր օգտին լուծելու հարցերը, հակառակ դեպքում սպառնալով անցնել Անտանտի կողմը։ Եվ նա հասավ իր նպատակին։ Ռուսաստանը հայկական հողերը նվիրաբերեց Թուրքիային։ Նա փորձում էր դա արդարացնել համաշխարհային հեղափոխության շահերով։ Այս վերջինի նպատակով, նշել է Վ. Լենինը, մենք ստիպված ենք ժամանակավորապես զոհաբերել հայ աշխատավորների շահերը։ Կարսի և մյուս տարածքների համար, բազմիցս կրկնել են Ի. Ստալինը և մյուս ղեկավարները, չարժե կռվել Թուրքիայի հետ։ 1921թ. փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում կայացան ռուս-թուրքական բանակցությունները և ավարտվեցին բարեկամության ու եղբայրության մասին պայմանագրի ստորագրումով։ Հայկական պատվիրակությունը (Ալեքսանդր Բեկզադյան, Սահակ Տեր-Գաբրիելյան), որ զրկվել էր բանակցություններին մասնակցելուց, այնուամենայնիվ պատրաստել էր իր առաջարկությունները, այն է՝ Կարսի մարզի, Ալեքսանդրապոլի ու Սուրմալուի գավառի վերադարձը, այսինքն 1914թ. սահմանների վերականգնում։ Կոնֆերանսի կամ բանակցությունների ընթացքում հայկական հողերի որևէ պահանջ չի ներկայացվել թուրքական պատվիրակությանը։ Թուրքերի կողմից միակ զիջումը վերաբերում էր Բաթումին, որն անցավ Վրաստանին։ Փաստորեն տեղի ունեցավ Բաթումի (հօգուտ Վրաստանի) և Կարսի ու Սուրմալուի գավառի (հօգուտ Թուրքիայի) փոխանակություն։
Պայմանագրի համաձայն Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի իրավունքները թուրքաբնակ բոլոր վայրերում։ Հիշենք, որ հայերի ցեղասպանությամբ կամ նրանց արտաքսելով թուրքաբնակ էին դարձվել Արևմտյան Հայաստանը և Կարսի մարզը։ Թուրքիայի հյուսիսարևելյան (ՀԽՍՀ-ի հետ) սահմանն անցնում էր Ախուրյան ու Արաքս գետերի հունով՝ թուրքական կողմում թողնելով Կարսի մարզը և Սուրմալուի գավառը։ Նախիջևանի մարզը դառնում էր ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության տակ, որը չէր զիջվելու երրորդ պետության։ Պարզ է, որ այդ պայմանն ուղղված էր Հայաստանի դեմ։
Մոսկվայի պայմանագրով Խորհրդային Հայաստանը մնաց 29 հազար քառակուսի կիլոմետրի սահմաններում (Լոռու և Զանգեզուրի միանալուց հետո)։ Եվ դա այն դեպքում, երբ մինչև 1920թ. թուրք-հայկական պատերազմը Հայաստանի Հանրապետության իշխանությունը տարածվում էր շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետրի վրա։ Այսպիսով, Մոսկվայի պայմանագիրը ճակատագրական նշանակություն էր ունենալու և ունեցավ հայ ժողովրդի համար։ Մոսկվայի պայմանագրի համաձայն՝ Անդրկովկասի հանրապետությունները, որոնք մասնակից չէին դարձվել բանակցություններին, Թուրքիայի հետ ունենալու էին իրենց առաջին պայմանագրերը, պահպանելով, սակայն, մոսկովյան պայմանագրի սկզբունքները։ Նոր բանակցությունները կայանալու էին Կարսում։ Այս դեպքում Հայաստանն առաջարկում էր վերադարձնել պատմական Անին և Կողբի աղահանքները, իրեն տրամադրել Նախիջևանի երկրամասի հովանավորությունը, Օլթիի քարածխի, Կաղզվանի հանքերի և այլ վայրերի շահագործումը։ Անդրկովկաս-Թուրքիա կոնֆերանսը կայացավ Կարսում 1921թ. սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 13-ը՝ Ռուսաստանի ներկայացուցչի մասնակցությամբ։ Հայաստանի պատվիրակության ղեկավարն էր արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանը։ Կոնֆերանսում հայկական կողմի պահանջները բնականաբար չէին կարող քննարկվել։ Այնուամենայնիվ, Ա. Մռավյանը և Ռուսաստանի ներկայացուցիչ Յակով Գանեցկին դրեցին միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները վերադարձնելու, ինչպես նաև Կողբի աղահանքերը շահագործման վերցնելու հարցը։ Այդ պահանջները, սակայն, բավարարություն չստացան, որովհետև Թուրքիան համառորեն պնդում էր Մոսկվայի պայմանագրի հոդվածները պահպանելու վրա։ Հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որը կրկնում էր Մոսկվայի պայմանագիրը և ըստ էության վերջինի շարունակությունն էր։ Կարսի պայմանագրով Խորհրդային Հայաստանին պարտադրվեց ընդունել ու ճանաչել սեփական տարածքների կորուստը։ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը փաստորեն Խորհրդային Ռուսաստանի հերթական հարվածն էին Հայկական հարցին։ Ավելին, Թուրքիայի հետ նրա դաշինքի հաստատումը համազոր էր ցեղասպանին հովանավորելուն։ Միակ դրականն այն էր, որ խորհրդային իշխանության հարկադրանքի շնորհիվ թուրքերը 1921թ. ապրիլին հեռացան Ալեքսանդրապոլից։ Դրանից հետո պարզվեց, թե նրանք ինչպիսի կոտորածներ ու ավերածություններ էին գործել։