ա/ Հայկական լեռնաշխարհը՝ հայոց հայրենիք, դիրքը, սահմանները

Հայկական լեռնաշխարհ կամ Հայկական բարձրավանդակ, ֆիզիկաաշխարհագրական տարածք, հայ ժողովրդի բնօրրան։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։ Հայկական լեռնաշխարհը ֆիզիկաաշխարհագրական առանձին ռեգիոն է, որն իր մեջ ընդգրկում է մի շարք մասեր, այդ թվում Հայկական բարձրավանդակը, որը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը։
Հայկական բարձրավանդակը նկատելիորեն տարբերվում է շրջակա տարածքներից. այն ունի 1500-1800 մետր միջին բարձրություն, իսկ առանձին գագաթներ ունեն ավելի քան 3 000 – 4 000 մետր բացարձակ բարձրություն։ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։ Բարձրությամբ լեռնաշխարհում երկրորդն է Սավալանը (բարձրությունը՝ 4 811 մետր), երրորդը՝ Ջիլոն (4 168 մ), չորրորդը՝ Արագածը (4 090 մ), հինգերորդը՝ Սիփանը ( 4 058 մ)։
Հայոց Լեռնաշխարհի տարածքը մոտ 450 հազար քառակուսի կիլոմետր է, եթե վերցնենք միայն Մեծ Հայքը և Փոքր Հայքը։ Իսկ եթե Հայոց Լեռնաշխարհի մեջ հաշվենք նաև Հայոց Կիլիկիան կամ Սիսվանը և Հայոց Միջագետքը, ապա Լեռնաշխարհի տարածքը 586 հազար քառակուսի կիլոմետր է։ Լեռնաշխարհի տարածքում գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունը և նրա Արցախի մարզը։ Արցախի հիմնական մասի, ինչպես նաև հարակից Սյունիքի ու Ուտիքի նահանգների որոշ տարածքների ազատագրումից հետո, Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքը՝ Արցախ մարզի հետ միասին հասնում է մոտ 42 000 քառ. կմ–ի, այդպիսով կազմելով Հայկական լեռնաշխարհի տարածքի մոտ 9 տոկոսը։ Գրեթե նույնքան տարածք է զբաղեցնում Հայկական լեռնաշխարհի այն հատվածը, որը պատկանում է Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Ադրբեջանի Հանրապետության տարածքում են գտնվում լեռնաշխարհի նահանգներից Ուտիքը՝ իր մեծագույն մասով՝ ներառյալ Գարդման գավառը, Մեծ Հայքի Սյունիքի նահանգի Երնջակ, Ճահուկ, գավառները, Նախիջևանը, Գողթնը, ինչպես նաև Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Շարուր գավառը, որոնք ներկայումս մտնում են Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական Նախիջևան երկրամասի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության) մեջ, որը Ադրբեջանին է անցել Հայաստանի դեմ 1920թ․ տեղի ունեցած ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի հետևանքով։ Այսպիսով Ադրբեջանին է անցել Հայաստանի պատմական տարածքների գրեթե ինից տասը տոկոսը՝ մոտ 42–45 հազ․ քառ. կմ։ Հայկական լեռնաշխարհի զգալի մակերեսով տարածքներ կան Վրաստանում՝ Ջավախքը, Թռեղքը, կենտրոնը՝ Ծաղկա , Բողնոփոր գավառը, կենտրոնը՝ Բողնիս, Մանգլյաց փոր գավառը , կենտրոնը՝ Սակուրեթ։ Ընդամենը շուրջ 20 հազ․ քառ․ կմ։ Հայկական բարձրավանդակի մոտ երեք քառորդը՝ գրեթե 440 հազ․ քառ․ կմ, այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության կազմում։
բ/ Գետերն ու լճերը
Հայկական լեռնաշխարհն իր լեռնային բարձր դիրքի շնորհիվ Առաջավոր Ասիայի խոշոր գետերի ջրաբաշխն է: Այստեղից են սկիզբ առնում Եփրատ, Տիգրիս, Երասխ (Արաքս), Կուր, Ճորոխ, Գայլ և մի շարք այլ գետեր, որոնք թափվում են Պարսից ծոց և Կասպից ու Սև ծովեր: Մեր հայրենիքի մայր գետը Երասխն է, որն սկիզբ է առնում Սերմանց կամ Բյուրակն լեռներից: Այնուհետև միանում է Կուրին և թափվում Կասպից ծով: Երասխի և նրա վտակների ջրերով ոռոգվում են Արարատյան դաշտի մշակովի հողերը: Երասխը Հայկական լեռնաշխարհի միակ խոշոր գետն է, որն ամբողջությամբ հոսում է մեր հայրենիքով: Ժողովուրդը Երասխը կոչել է Մայր Արաքս:Հայկական լեռնաշխարհը հայտնի է իր երեք խոշոր լճերով: Սևանա լիճը, որը հնում հայտնի էր Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անունով: Սևանն աշխարհի բարձրադիր լճերից է, ունի քաղցրահամ ջուր: Լիճ են թափվում 29 գետեր ու գետակներ, իսկ նրանից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը: Լճում եղել է մեկ կղզի, որը լճի մակերևույթի արհեստական իջեցման հետևանքով վերածվել է թերակղզու: Հայկական լեռնաշխարհի չքնաղ լճերից է Վանա լիճը կամ Բզնունյաց ծովը: Այն ավելի քան երկուսուկես անգամ մեծ է Սևանա լճից: Չնայած լճի աղիությանը` նրանում բազմանում է տառեխ ձուկը: Լիճն ունեցել է 7 կղզի, սակայն ջրի բարձրանալու հետևանքով երեքն անցել են ջրի տակ: Վանա լճի ամենամեծ ու նշանավոր կղզին Աղթամարն է: Հայկական լեռնաշխարհի հարավարևելյան մասում գտնվում է մեր հայրենիքի ամենամեծ լիճը, որ հնում կոչվել է Կապուտան, իսկ ավելի ուշ՝ Ուրմիո: Լճի ջրերը խիստ աղի են, որի պատճառով զուրկ է կենդանական և բուսական աշխարհից: Հայկական լեռնաշխարհի միջին և փոքր մեծության լճերից հիշարժան են Չըլդըրը, Գայլատուն, Արճիշակը կամ Արճակը, Նազիկը:
գ/Հայաստանի պատմավարչական բաժանումը
Ք. ա. IV դարում Հայաստանի թագավորությունը բաժանվեց երկու քաղաքական միավորի՝ Մեծ և Փոքր Հայքերի թագավորությունների: Մեծ Հայքի տարածքը բաժանված է եղել 15 նահանգների՝ Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, Վասպուրական, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Ուտիք, Գուգարք, Տայք և Այրարատ աշխարհները: Յուրաքանչյուր աշխարհ բաժանվում էր գավառների, որոնց ընդհանուր թիվը շուրջ 200 էր: Մեծ Հայքի թագավորությունը lV դարում ուներ շուրջ 300 հազար կմ2 տարածք։ Եփրատ գետից արևմուտք տարածվում էր Փոքր Հայքի թագավորությունը, որի տարածքն ամենաընդարձակ ժամանակաշրջանում կազմել է 80 հազար կմ2: Հայաստանի Հանրապետությունը ներառում է պատմական Հայաստանի տարածքի ընդամենը 1/13 մասը՝ 29,8 հազար կմ2 :
Վերցված են՝