Հովհաննես Թումանյան | Փարվանա | համառոտ


«Փարվանա» բալլադը Թումանյանը գրել է 1902 թ.: Ժողովրդական այս լեգենդի մասին հեղինակը առաջին անգամ լսել է Ներսիսյան դպրոցում սովորելու տարիներին, իր դասընկեր Գրիգոր Վանցյանից: Հետագայում այցելել է Ախալքալաք, Փարվանա լիճ, տեղի ժողովրդից Փարվանայի մասին լսել ավանդություններ ու զրույցներ:


Սիրո, գեղեցկության, իդեալի հավերժության որոնումը «Փարվանա» բալլադում ստանում է բարձրագույն արտահայտություն: Իր ստեղծագործությանը բնորոշ եղանակով Թումանյանը բալլադն սկսում է գեղեցիկ բնապատկերով: Փարվանա արքայի անառիկ ամրոցի էպիկական հանդարտ նկարագիրը լրացվում է արքայի դստեր քնարական գեղեցիկ պատկերով: Բալլադի սկիզբն ստեղծում է երջանկության սպասման տրամադրություն, որ գործողությունների հետագա զարգացման ընթացքում աստիճանաբար մարում է և տեղի տալիս տխուր պատկերի:

Լեռների բարձրունքի վրա՝ սարերի ուսին թիկնած ամրոցում, ապրում է Փարվանա արքան, ով, ըստ ընդունված սովորության, իր չնաշխարհիկ դստեր համար պետք է փեսացու ընտրի կտրիճների մրցության միջոցով: Ինչպես «Անուշ» պոեմում, այստեղ ևս չի նկարագրվում Փարվանա դստեր գեղեցկությունը: «Փարվանա» բալլադում սիրո իդեալի փնտրտուքի հետ մեկտեղ կարևորվում է գեղեցկության գաղափարը: Ոչ միայն սերը, այլև գեղեցկությունը, որն էլ հենց ծնունդ է տալիս սիրո, մարդուն մղում է սխրանքի ու զոհաբերության: Գեղեցկությունը մարդու վրա թողնում է մոգական ազդեցություն: Երբ հորը թևանցուկ երևում է արքայադուստրը,

Հառաչում է ողջ աշխարհը,

Կըտրիճները, քարացած,

Երազների մեջ են ընկնում՝

Էս աշխարհքից վերացած:

Անշուշտ, գեղեցկությունը կարող է լինել ոչ միայն և ոչ այնքան ֆիզիկական, այլև հոգեկան, ներքին, բարոյական: Եվ Փարվանա դստեր կերպարում միավորված են գեղեցկության բոլոր այս ըմբռնումները:

Երկնային գեղեցկության տեր աղջիկը նաև խելացի է, որ ձգտում է փոխադարձ ու արժանավոր սիրո: Նրա պատկերացմամբ՝ սիրո իրավունք չեն տալիս ո՛չ ֆիզիկական ուժը (տմարդի մեկը կարող է ուժով հաղթել առաքինի մարդուն), ո՛չ աշխարհի գանձերը: Նրան չեն բավարարում հոր պայմանները:

Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն

Անհաղթներից անհաղթին:

Բալլադում դրսևորվել են նաև մարդկային արժանիքների վերաբերյալ հին ու նոր ըմբռնումները: Մարդկության զարգացման ավելի վաղ շրջանում կարևորվել են հատկապես մարդու ֆիզիկական ուժը, նրա քաջությունը: Այդ միտքն արտահայտվում է Փարվանա արքայի խոսքի մեջ, երբ նա աղջկա ուշադրությունը հրավիրում է «անհաղթներից անհաղթին», մինչդեռ աղջիկը գերադասում է հոգևոր ու բարոյական արժանիքները, որոնք հատուկ են նոր ժամանակի մտածողությանը. Փարվանա դստերը չեն բավարարում անգին գանձեր առաջարկող կտրիճների ցանկությունները, որովհետև նա սիրո մեջ փոխադարձություն և հավերժություն է փնտրում.

– Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ

Եվ կամ աստղը երկընքի,

Ոչ էլ գոհար եմ պահանջում

Սեր-ընկերից իմ կյանքի:

Փարվանա դուստրը անշեջ հյուր է ուզում, այսինքն՝ հավերժական, չմարող սեր: Անշեջ հուրը գտնելու համար երիտասարդները ցրվում են աշխարհով մեկ, տարիներ են անցնում, բայց չեն վերադառնում: Կյանքը և շրջապատը իրենց հետաքրքրությունը կորցնում են աղջկա համար, նա մնում է իր սպասումների, իր տենչերի հետ միայնակ և, իր իդեալին չհասնելու ցավից հուսահատ՝ լաց է լինում: Հավերժական սիրո անհնարինությունը իմաստազուրկ ու սառն է դարձնում աշխարհը.

Թառամում է սիրտըս ահա,

Պաղ է այս կյանքն ու տըխուր…

Աղջկա արցունքները ծածկում են իրեն, ամրոցը, քաղաքը, գոյանում է Փարվանա լիճը, որի վճիտ ջրերը ծփում են՝ ինչպես արտասուք: Փարվանա լիճն իր մեջ հավերժորեն պահում է գեղեցիկ սիրո կարոտն ու խորհուրդը: Ավանդությունն ասում է, որ կրակի թիթեռները Փարվանա կտրիճներն են, որոնք շտապելուց թև են առել ու դարձել թիթեռ:

Ջանք է անում ամեն մինը,

Շուտով տանի, տիրանա…

Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ

Կըտրիճները Փարվանա:

Վերցված է այս էջից

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s