Բանստեղծության տեսակներ

•Տրիոլետ


Բանաստեղծության կառուցման կայուն ձև, որը բաղկացած է ութ տողից։
Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տողեր, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։

Օրինակ, (Եղիշե Չարենց)՝

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

•Սոնետ


Բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկը։ Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող (կատրեն) և վերջում երկու եռատող (տերցետ)։ Սոնետի հանգավորման ձևերը շատ բազմազան են։ Ամենից բնորոշն այն ձևն է, երբ սոնետի քառատողերն ունենում են երկու ընդհանուր հանգ, որոնք տողերն իրար են կապում օղակաձև կամ խաչաձև հանգավորումով։ Իսկ եռատողերի մեջ հանդես է գալիս երեք հանգային վերջավորություն՝ ամենատարբեր դասավորությամբ։ առանձին դեպքերում էլ սոնետը կարող է ունենալ երեք քառատող և մեկ եզրափակիչ երկտող։

Օրինակ, (Եղիշե Չարենց)՝

Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։

Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։

Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ[1] են երգում

Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։

•Ռուբայաթ


Ռուբայի պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։

Օրինակ, (Եղիշե Չարենց)՝

Դու մի օր աչքերըդ կփակես, որ ուրիշը քո տեղ գոյանա.
Կգնաս, կանցնես աշխարհքից, որ ուրիշը քո տեղ գոյանա։
— Այն դո՛ւ ես, իմաստո՛ւն, այն դո՛ւ,— բայց արդեն դարձած մի ուրիշ.
Հաստատեց, ժխտելով նա քեզ, որ ուրիշը քո տեղ գոյանա։

•Գազել


Գազել, ղազալի, բանաստեղծության կայուն ձև, բաղկացած է մի քանի երկտող տներից(բեյթերից), որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։

Օրինակ՝ մորս համար գազել (Եղիշե Չարենց)

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին, 
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին: 

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին 
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն, 
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին: 

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,- 
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին: 

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած, 
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին: 

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց – 
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին: 

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին 
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին: 

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ 
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s