Մաշտոցի կյանքի ու գործունեության մասին գրել է նրա աշակերտ Կորյունը: Գրքի վերնագիրն է «Վարք Մաշտոցի»: Վարքը սուրբերի կենսագրությունն է, ինչը նշանակում է, որ Մաշտոցը սրբացվել է: Մաշտոցի մասին գրել են նաև 5-րդ դարի մատենագիրներ Մովսես Խորենացին և Ղազար Փարպեցին: Հայոց գրերին ու Մաշտոցին անդրադարձել են նաև հետագա շրջանի մատենագիրները: Ընդհանուր առմամբ հիշվում է 33 սկզբնաղբյուր, որոնք ընդգրկում են 5-17-րդ դարերը: Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 362 թվականին Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Նրա հոր անունը Վարդան էր, Կորյունը նրան կոչում է երանելի Վարդան: Ենթադրվում է, որ Մաշտոցը ծագումով եղել է ազնվական: Մեսրոպ Մաշտոցը կրթությունն ստացել է նախ Տարոնում, ապա Անտիոքում և վերջապես Էջմիածնում` Ներսես Մեծ վեհափառի մոտ: Տիրապետել է հունարենին, ասորերենին և պարսկերենին: Վաղարշապատ մայրաքաղաքում ծառայության է մտել հայոց Արշակունի թագավորների պալատում: Եղել է դիվանատան քարտուղար, զինվորական աստիճանավոր: Մաշտոցը խորանում է քրիստոնեական հավատի մեջ, ուսումասիրում է «Աստվածաշունչ»-ը: 394-395 թվականներին Մաշտոցն ապրել է ճգնավորի կյանքով. մեծ գործից առաջ նա հոգեպես մաքրագործվել է: Իր շուրջ համախմբված աշակերտների հետ Գողթնում և Սյունիքում զբաղվել է քարոզչությամբ:
Այս հարցով Մաշտոցը դիմում է Սահակ Պարթևին: Նրանք միասին հղանում են հայ ժողովրդի համար այբուբեն ստեղծելու գաղափարը: Այդ կապակցությամբ Վաղարշապատում ժողով են գումարում, որին մասնակցում են հայոց եպիսկոպոսները: Բոլորը միաբերան ողջունում են հայոց այբուբեն ունենալու պահանջը: Ժողովի նպատակների մասին նրանք պատմում են հայոց Վռամշապուհ արքային: Արքան տեղյակ էր Դանիել անունով ասորի եպիսկոպոսի մոտ պահվող հայոց այբուբենի մասին: Ըստ Կորյունի` դանիելյան այբուբենը Միջագետքից Հայաստան է բերվել Վռամշապուհի թագավորության հինգերորդ տարում, այսինքն` 393-394 թվականներին: Այդ այբուբենով Մաշտոցը սովորեցնում է աշակերտներին, կազմակերպում է կրթության գործը: Սակայն ուսուցման ընթացքում պարզվում է, որ դանիելյան այբուբենը թերի է և հայոց լեզվի վանկային կապերն ամբողջությամբ չի արտահայտում: Ահա այս պայմաններում, գրերի հարցը վերջնականապես լուծելու նպատակով, Մաշտոցը մի խումբ աշակերտների հետ մեկնում է Միջագետք, հանդիպում Դանիել եպիսկոպոսին և, նախկինից ավելի բան չգտնելով, անցնում Ասորիք, լինում Եդեսիա, Սամոսատ և Ամիդ քաղաքներում, հանդիպում ժամանակի գիտուն մարդկանց: Եդեսիայում նա ստեղծում է հայոց այբուբենը: Ըստ Կորյունի` Մաշտոցին «Աստծուց իսկապես պարգևվեց գրեր ստեղծելու բախտը, և նա իր սուրբ աջով ծնունդ տվեց հայոց տառերին»: Դարձյալ ըստ Կորյունի` Մաշտոցը հայոց այբուբենն ստեղծել է մահից 35 տարի առաջ, այսինքն` 405 թվականին: Գրերն ստեղծելուց հետո նա դրանք «նշանակեց, անվանեց ու դասավորեց». նշանակեց` գրեց-գծագրեց, տառանշանի վերածեց, անվանեց` անուն դրեց` Այբ, Բեն, Գիմ …, դասավորեց` որոշեց տառերի շարային հերթականությունը: Ըստ Խորենացու` Սամոսատում հանդիպելով գիտուն այրերից մեկին և նրանից էլ որևէ օգտակար բան չստանալով, Մաշտոցն «ապավինում է աղոթքի»: Նա հայոց տառերը տեսնում է հոգու աչքերով, տեսիլքի մեջ. «Եվ աղոթքից վեր կենալով` ստեղծեց մեր նշանագրերը»: Այսինքն, ըստ Խորենացու` հայոց գրերը Մաշտոցն ստեղծել է ոչ թե Եդեսիայում, այլ Սամոսատում: Տառերն ստեղծելուց անմիջապես հետո աշակերտների հետ Մաշտոցն սկսում է թարգմանել «Աստվածաշունչ»-ը: Նախ թարգմանում է Սողոմոնի առակները. ծնվում է հայերեն առաջին նախադասությունը. «Ճանաչել զի մաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ…»:
Մայրաքաղաք Վաղարշապատի մատույցներում Մաշտոցին դիմավորում են հայոց արքան, վեհափառը, նախարարներ և եպիսկոպոսներ: Այդ օրը մեծ տոն էր հայոց երկրում: Գիրը դառնում է գրավոր հիշողություն և նոր կյանք հաղորդում հայ ժողովրդին: Մեսրոպ Մաշտոցի Վաղարշապատ մտնելու տեսարանը Կորյունը նմանեցնում է Սինա լեռից Մովսես մարգարեի վայրէջքին, ով բերում էր Աստծու շնորհած տասնաբանյա պատվիրանները: Այսինքն` Մաշտոցը դիտվում է որպես հայոց երթի առաջնորդ: Այնուհետև Մաշտոցն սկսում է կրթական գործը, զարկ տալիս թարգմանական աշխատանքին և գրչությանը: Մաշտոցի աշակերտներից էին Կորյունը, Մովսես Խորենացին, Եղիշեն, Դավիթ Անհաղթը, Ղազար Փարպեցին և շատ ուրիշներ: Հայոց լեզվով Մաշտոցը նաև քարոզչություն է անում ժողովրդի մեջ` դուրս մղելով օտար և անհասկանալի լեզուները: Ըստ Կորյունի` Մաշտոցը տառեր է հորինել նաև վրացերենի (414 թ.) և աղվաներենի համար (420 թ.): Նա նաև նպաստում է այդ երկրներում քրիստոնեության ամրապնդմանն ու կրթական գործի զարգացմանը: 420 թ. Սահակ Պարթևի նամակներով Մաշտոցը մեկնում է Բյուզանդիա, հանդիպում Թեոդոս ինքնակալին և թույլտվություն ստանում Բյուզանդիայի գերիշխանության ներքո գտնվող հայկական տարածքներում ևս կազմակերպելու երեխաների հայեցի կրթության գործը: Բյուզանդական ինքնակալի կողմից Մաշտոցն արժանանում է մեծարանքների` նրան կարգում են եկեղեցու առաջին վարդապետների շարքը, որտեղ մեծահռչակ Հովհան Ոսկեբերանն էր, նրան շնորհվում են անդուլ տքնողի, քարոզիչի և ուսուցչապետի տիտղոսներ: Մաշտոցի այս առաքելությունը նպատակ ուներ գրով, կրթությամբ և քարոզչությամբ պահպանելու հայության այն հատվածը, որ Հայաստանի 387 թվականի բաժանումից հետո հայտնվել էր Բյուզանդիայի գերիշխանության ներքո: Մաշտոցն այսպիսով դառնում է տարածաշրջանի ամենանշանավոր կրթական և քրիստոնեական գործիչը, ով արժանի փառքի է հասնում ոչ միայն Հայաստանում, այլև Բյուզանդիայում, Աղվանքում, Վրաստանում: Սա հիրավի կրթական և լուսավորական վիթխարի գործունեություն է, որ նշանակում է` Մաշտոցի պատմական դերը շատ ավելին է, քան սոսկ հայոց գրերի ստեղծումն է, ինչն իր հերթին ազգային մեծ հեղաշրջման սկիզբ ու նախադրյալ էր: Ըստ պատմիչ Մովսես Կաղանկատվացու` Մաշտոցը ուխտ է գնացել նաև Երուսաղեմ` Քրիստոսի գերեզմանին: Վերադարձին իր հետ բերել է ոսկուց և արծաթից հյուսված մի խաչ` մեջը տեղադրված Քրիստոսի խաչից մի մաս: Նա շրջագայում է ամբողջ Հայաստանում, ամենուր տարածում է լուսավորություն և ամրապնդում քրիստոնեությունը: Դրա համար նրան նաև ասում են Երկրորդ Լուսավորիչ: Սահակ Պարթևի մահից հետո մինչև իր մահը Մեսրոպ Մաշտոցն ստանձնում է նաև Էջմիածնի հայրապետական աթոռի տեղապահությունը: Իր կյանքի հետագա օրերը նա անց է կացնում ճգնակեցությամբ ու աղոթքներով, թարգմանություններով ու քարոզներով: Մեսրոպ Մաշտոցը վախճանվել է 440 թվականի փետրվարի 17-ին, Սահակ Պարթևի մահից վեց ամիս հետո:
Հայոց գրերի ստեղծումը հայ ժողովրդի կյանքում ունեցավ պատմական շատ մեծ նշանակություն: Մաշտոցյան գրերից հետո ծաղկեց ամբողջ հայ մշակույթը, կրթական գործը, մատենագրությունը, նոր թափ ստացավ հոգևոր գործը: Գրերի գյուտով ամրապնդվեց հայ ժողովրդի ինքնագիտակցությունը: Եկեղեցու դիրքի ամրապնդումը նպաստեց հայապահպանմանը և հայագիտության զարգացմանը: Ձևավորվում են առանձին գիտաճյուղեր` պատմագրությունը, քերականագիտությունը, վարքագրությունը, իմաստասիրությունը, աստվածաբանությունը: Թարգմանություններն ուղեկցվում են նաև ինքնուրույն գրականության ստեղծմամբ` գրվում են շարականներ, ապաշխարանքի երգեր, քարոզներ, ճառեր: