Իր մասին
Համո Սահյանը(Հմայակ Սահակի Գրիգորյան)ծնվել է Սիսիանի շրջանի Լոր գյուղում, 1914թ. Հ.Սահյանը սովորել է տեղի դպրոցում, այնուհետև13 տարեկանում ընտանիքով տեղափոխվել են Բաքու և այնտեղ էլ ավարտել է դպրոցն ու բուհը: 1941-1945թթ. եղել ռազմաճակատում, ծառայել ռազմածովային նավատորմում: Հ. Սահյանի առաջին բանաստեղծությունը տպագրվել է1935թ.,իսկ 1946թ . լույս տեսավ նրա առաջին գիրքը:1951թ. նա տեղափոխվում է Երևան: Այդ տարիներին լույս են տեսնում շատ ժողովածուներ, իսկ <<Սեզա’մ բացվիր>>ժողովածուի համար Սահյանին շնորհվեց Հայաստանի Պետական մրցանակ: Համո Սահյանը մահացել է 1993թ. և թաղվել ԵրևանիԿոմիտասի անվան պանթեոնում:
Անունդ տալիս
Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:
Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,-
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:
Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:
Այս բանաստեղծությունը ամբողջությամբ Հայաստանի բնաշխարհն է՝ ժայռի մեջ փորված տներով, թեքված մատուռներով ու ավերակ տաճարներով։ Սա ավերված Հայաստանի պատկերն է։ Այս տրամադրությունը շարունակվում է նաև հաջորդ տան մեջ՝ լքված թոնիր, մասրենու վարսաթափ մի թուփ, աշխարհից խռոված մի ցուպ ու ձիերի ուշացած դոփյուն։ Սա Հայաստանի անցյալն է, ճակատագիրը։ Վերջին տան մեջ բանաստեղծական տրամադրությունը կտրուկ փոխվում է, և գրողը նրբորեն պատկերում է հայրենիքի գեղեցկությունը։
ԱՄՊՐՈՊԻՑ ՀԵՏՈ
Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…
Բանաստեղծությունը բնության մասին է: Երբ անձրև է գալիս, ամեն ինչ մաքրվում է: Ամպերը հեռանում են և երկինքը ավելի բաց է: Գույները ավելի վառ են երևում: Փոշին ու կեղտը մաքրվում է: Սարերն ավելի բարձր են երևում, որովհետև բոլոր խոտերը, ծառերը և բոլոր բույսերը կանաչում են, և սարը ավելի առատ ու մեծ է երևում: Իսկ մարդիկ, երբ տեսնում են այդ նոր թարմությունն ու գեղեցկությունը, ուրախանում են և բարիանում:
Ծովն ու քամին
Վեր կացել եկել և ծովի վրա
Մութը աստղեր է ասեղնագործում…
Քնել է ծովը և ի՞նչ իմանա,
Որ աստղանկար վերմակը նրա
Ինձ նման մեկը թռցնել է փորձում:
Արթացավ քամին…ու բան չի հարցնում
Ոչ մութից հոգնած և ոչ էլ ծովից,
Աստղերն անհապաղ հավաքում-պրծնում,
Անտեսանելի իր փեշը լցնում,
Տանում է, ինչպես աղանձը բովից…
Նստել եմ ափին…Եվ ի՞նչ եմ խորհում,
Որպեսզի բեկվի երկինքը ծովում,
Պետք է որ քամին բացակա լինի:
Այս բանաստեղծության ասելիքն այն էր, որ ծովը սպասում էր քամուն, բայց քամին բացակա էր։ Կյանքում էլ լինում են այդպիսի բաներ, երբ մենք սպասում ենք ինչ-որ մեկին չիմանալով, որ նա բացակա է, չկա։