Դանիել Վարուժանը (իսկական ազգանունը՝ Չպուգքյարյան) 1896–1902 թթ-ին սովորել է Կոստանդնուպոլսի Մխիթարյան, ապա՝ Գատըգյուղի (թաղամաս` Կոստանդնուպոլսում) վարժարաններում: Այդ տարիներին նրա վրա ծանր տպավորություն են թողել աբդուլհամիդյան ջարդերը, որոնք հետագայում դարձել են բանաստեղծի ստեղծագործության հիմնական թեմաներից:
1902–05 թթ-ին Վարուժանն ուսանել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Բանաստեղծին գրավել է Վերածնության շրջանի հզոր մշակույթը, խորապես ուսումնասիրել է նաև Հայաստանի պատմությունը, հին ու նոր գրականությունը:
1909 թ-ին Վարուժանն ավարտել է Գենտի (Բելգիա) համալսարանը, վերադարձել հայրենիք և մինչև 1911 թ. դասավանդել է Սեբաստիայի Արամյան վարժարանում, 1911–12 թթ-ին՝ Թոքաթի (այժմ՝ Եվդոկիա) ազգային ճեմարանում, 1912–15 թթ-ին եղել Կոստանդնուպոլսի Լուսավորչյան վարժարանի տնօրեն: Նա ժամանակի հայ առաջադեմ մանկավարժներից էր:
1914 թ-ին գրող, գրականագետ Հակոբ Սիրունու հետ Վարուժանը հրատարակել է «Նավասարդ» գրական-գեղարվեստական տարեգիրքը, օժանդակել «Մեհյան» (1914 թ.) գրական-հասարակական հանդեսի ստեղծմանը: Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում։ Նա դառնում է Պոլսի գրական շրջանների ազդեցիկ դեմքերից մեկը, գրական հավաքույթների ոգին։ Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրում է չորս գիրք՝ «Սարսուռներ», «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգեր» և«Հացին երգը»։ Գրում է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ։
1914-ին հինգ հիմնադիրներից է «Մեհեան» գրական ամսաթերթին՝ Կոստան Զարյանի, Յակոբ Քյուֆեճյանի (Օշական), Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ, բայց բաժանվել է խմբից երրորդ՝ մարտի համարից հետո։ Հ. Ճ. Սիրունու հետ խմբագրել է «Նաւասարդ» գրական տարեգիրքը, որից լույս է տեսել միայն առաջին հատորը 1914-ին։
1915 թվականն էր։ Վարուժանը շարունակում էր լրացնել գյուղի չքնաղ երգերի՝ «Հացին երգը» շարքը, պատրաստվում էր գրել «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին հայկական առասպելների ու ավանդությունների մշակումները, երազում էր ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը։ Ծրագրած էր նաև գրել «Գինիին երգը» քերթողական հատորը։ Բայց վրա հասավ արյունալի աղետը։ Արտերը ներկվում էին արյունով։ Բանաստեղծի խոսքերով ասած կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ։ Այս ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ Վարուժանը։ Թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին, Չանղըրի քաղաքի մոտ մի ձորում հոշոտեցին 31-ամյա բանաստեղծին։
1958 թ. փետրվարի 8-ին Գենտում տեղի ունեցավ Վարուժանին նվիրված երեկո։ Փետրվարի 9-ին համալսարանի մատենադարանի մեծ սրահում ամրացվեց հուշատախտակ՝ Վարուժանի դիմաքանդակով և հայերեն, ֆրանսերեն, ֆլամանդերեն արձանագրությամբ։ Երևանում կան Վարուժանի անվան փողոց, դպրոց։