Մխիթարյաններ

Միաբանությունը

Մխիթարյան միաբանությունը հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային կազմակերպություն է: Հիմնադրել է Մխիթար Սեբաստացին 1701 թ-ին, Կոստանդնուպոլսում: 1717 թ-ին միաբանությունը հաստատվել է Վենետիկի մերձակա Սբ Ղազար կղզում. Մխիթարյան է կոչվելՍեբաստացու մահվանից հետո: 

1810 թ-ի օգոստոսի 17-ին Նապոլեոն Բոնապարտի հրովարտակով Սբ Ղազարի հայկական միաբանությունը ճանաչվել է գիտական հաստատություն՝ «Հայկական ակադեմիա» պատվավոր տիտղոսով:

Մխիթարյան (սկզբնական շրջանում՝ Անտոնյան) միաբանությունը 1703–16 թթ-ին գործել է Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում, որը ենթակա էր Վենետիկի Հանրապետությանը: Միաբանությունը գործունեություն է ծավալել 2 ուղղությամբ՝ կրոնական-կաթոլիկական և հայագիտական-բանասիրական: Վատիկանի աջակցությունն ապահովելու նպատակով սկզբնական շրջանում թարգմանել ու հրատարակել են կաթոլիկական գրականություն: Զուգահեռաբար նախապատրաստել և տպագրել են հայագիտական աշխատություններ՝ հայ պատմիչների երկերի քննական բնագրեր, գրաբարի քերականությանը նվիրված ուսումնասիրություններ, արժեքավոր բառգրքեր, դասագրքեր, գեղարվեստական գրականություն: 

1732 թ-ին Սբ Ղազարում միաբանները հիմնադրել են վարժարան, որի նպատակը միաբանության գործունեությունը շարունակող սերունդ պատրաստելն էր: Այնուհետև Մխիթարյան վարժարաններ են բացվել Պադուայում, Վենետիկում, Կոստանդնուպոլսում, Տրապիզոնում, Ախալցխայում և այլուր: 1992 թ-ից Վենետիկի Մխիթարյանների կրթահամալիր է գործում նաև Երևանում: 1772 թ-ին միաբանների մի խումբ կանոնադրության փոփոխման շուրջ առաջացած վեճի պատճառով թողել է Վենետիկը և 1773 թ-ին հաստատվել Տրիեստում, իսկ 1811 թ-ին տեղափոխվել է Վիեննա: Նույն թվականին Ավստրիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է նրանց կարգավիճակը. ստեղծվել է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը: Նրանք իրենց գործունեությունն սկսել են կաթոլիկ կրոնաաստվածաբանական աշխատությունների հրատարակումով, սակայն աստիճանաբար սկսել են գրել հայագիտական, պատմագիտական, բանասիրական և լեզվաբանական երկեր: Սբ Ղազարում Մխիթար Սեբաստացին սեփական գրադարանի հիմքի վրա ստեղծել է մատենադարան, որը հետագայում համալրվել է նվիրատվություններով և գնումներով: Վենետիկի մատենադարանի ներկայիս ձեռագիր ֆոնդը 5 հզ. միավոր է, տպագիր ֆոնդը՝ շուրջ 100 հզ.: Հայտնի է նաև Վիեննայի մատենադարանը, որտեղ պահվում է շուրջ 2600 գրչագիր մատյան:

2000 թ-ի հուլիսի 10–21-ը Վենետիկի Սբ Ղազար Մայրավանքում տեղի է ունեցել Մխիթարյան միաբանության Վենետիկի և Վիեննայի ճյուղերի միացյալ ընդհանուր ժողով. համատեղ որոշմամբ նրանք միավորվել և ստեղծել են Մխիթարյան միացյալ միաբանությունը, որի կենտրոնատեղին Վենետիկի Սբ Ղազար Մայրավանքն է, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը: Մխիթարյան միաբանության հիմնադրումից ի վեր Սբ Ղազար են այցելել հազարավոր զբոսաշրջիկներ և գիտնականներ: Հանրաճանաչ այցելուներից են բանաստեղծ Ջորջ Բայրոնը, գրողներ Վալտեր Սկոտը, Ստենդալը, Ալֆրեդ դը Մյուսեն, Ժորժ Սանդը, հայագետ, լեզվաբան Հայնրիխ Պետերմանը, կոմպոզիտոր Ժակ Օֆենբախը, դերասանուհի Էլեոնորա Դուզեն և ուրիշներ:

Մխիթար Սեբաստացի

Գիտամշակութային և եկեղեցական գործիչ Մխիթար Սեբաստացին Մխիթարյան միաբանության հիմնադիրն է: Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» բացատրական բառարանը նշանակալի երևույթ է համաշխարհային բառարանագրության մեջ: Մխիթար (իսկական անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում: 1693 թ-ին մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ: 1696 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ-ին՝ վարդապետ: 1701 թ-ին Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն: 1705 թ-ին Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ-ին Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը: 

1712 թ-ին Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում: Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ-ին միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ: 1717 թ-ին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ Ղազար կղզին շնորհել է միաբանությանը: Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ: Սբ Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր: Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան: Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s