Ի՞նչ է վախը և որտեղից է առաջանում։
Վախը մարդկանց կողմից ընկալվող իրավիճակ է, որում վտանգի է ենթարկվում վերջիններիս հանգստությունը կամ ապահովությունը։ Վախը գլխուղեղի շղթայական ռեակցիա է, որը սկսվում է սթրեսային գրգռիչով և ավարտվում քիմիական նյութերի արտազատմամբ, որոնք առաջացնում են արագ սրտի բաբախյուն, արագ շնչառություն և մկանները լցնում են էներգիայով: Վախի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ ցանկացած բան՝ լոգարանում սարդ տեսնելը, ագրեսիվ անցորդ փողոցում, հանկարծակի ուժեղ թակոց պատուհանին կամ դռանը:
Ինչպիսի՞ փոփոխություններ է կրում մարդու վարքագիծը վախի ժամանակ։
Վախը բավականին ուժեղ հույզ է և այն նկատելի ազդեցություն է թողնում անհատի վարքի վրա։ Երբ վախ ենք զգում, մեր ուշադրությունը կտրուկ նեղանում է և կենտրոնանում վտանգ ազդարարող իրավիճակի կամ օբյեկտի վրա։ Ինտենսիվ վախը «թունելային ընկալման» էֆեկտ է առաջացնում, ինչը նշանակալիորեն նեղացնում է ընկալումը, մտածողությունը և անհատի ընտրության ազատությունը սահմանափակում է մարդու վարքի ազատությունը։ Կարելի է ասել, որ վախի ժամանակ մարդը չի պատկանում ինքն իրեն. Նրան շարժում է մեկ ձգտում՝ վերացնել վտանգը, խուսափել սպառնալիքից։
Ի՞նչեր են ֆոբիաները։
Ֆոբիան տագնապային խանգարում է, որը բնութագրվում է ուժեղ վախով և վախեցնող առարկաներից կամ իրավիճակներից խուսափելով: Խուսափումն արտահայտվում է, երբ մարդը փորձում է չմոտենալ վախի օբյեկտներին։ Օրինակ՝ մարդը ատամնաբույժի մոտ չի գնում, երբ ատամները ցավում են, կամ չի թռչում ինքնաթիռներով, երբ ուզում է հանգստանալ։ Եթե ընդհանրացնենք այս սահմանումը, ապա կարող ենք ասել, որ եթե մարդը վախենում է, ուրեմն սա վախ է, եթե վախենում է և խուսափում է՝ ֆոբիա։
Ներկայացրե՛ք հայտնի 5 ֆոբիաներ
Կինոֆոբիա
Կինոֆոբիան վախ է շներից: Շատ դեպքերում այս ֆոբիան ի հայտ է գալիս մանկության տարիներին, երբ շունն անսպասելիորեն հաչում է երեխայի վրա կամ նույնիսկ կծում նրան։ Չորսոտանի «ընկերոջ» հետ նման հանդիպումից ունենալուց հետո՝ մարդը ցմահ ծայրահեղ բացասական է մնում շների նկատմամբ։ Նա հուզմունք կզգա, նույնիսկ եթե նկարում պատկերված կենդանու պատկերը տեսնի կամ հեռվից հաչոց լսի:
Ակրոֆոբիա
Ակրոֆոբիան վախ է բարձրությունից: Նման խանգարում ունեցող մարդիկ ինտենսիվ հուզմունք են ապրում, երբ գտնվում են երկրի մակերևույթից բարձր: Եվ որքան բարձրանում է, այնքան հուզմունքն ուժեղանում է: Որոշ դեպքերում բարձրությունից վախեցող մարդը կարող է նույնիսկ կորցնել գիտակցությունը, եթե ինչ-որ կարևոր պատճառով բարձր հարկ բարձրանա:
Սոցիոֆոբիա
Սոցիոֆոբիան մարդկանց մեծ ամբոխի մեջ լինելու վախն է։ Այս ֆոբիայով տառապողներն ամեն կերպ խուսափում են մարդկանց հետ անձնական շփումներից, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ամեն ջանք գործադրում, որպեսզի ուրիշները չնկատեն իրենց։ Հակառակ դեպքում մարդկանց մոտ կարող է զարկերակային բարձր ճնշում, դող և սրտխառնոց առաջանալ:
Կլաուստրոֆոբիա
Կլաուստրոֆոբիան վախ է փակ տարածություններում գտնվելուց, որը հաճախ ուղեկցվում է ինքնատիրապետումը կորցնելու վախով կամ տհաճ զգացումներով: Կլաուստրոֆոբիան ունի խիստ անհատական դրսևորում: Որոշ մարդիկ սահմանափակ կամ մարդաշատ տարածքներում կարող են թեթև անհանգստություն զգալ, մյուսների մոտ կարող է սկսվել խիստ անհանգստություն և խուճապի նոպա (պանիկա):
Աերոֆոբիա
Աերոֆոբիան ինքնաթիռով թռչելու վախն է: Հոգեբանների կարծիքով՝ աշխարհի բնակչության գրեթե մեկ երրորդը տառապում է հոգեկան խանգարման այս ձևից։ Եվ դա այն դեպքում, երբ ինքնաթիռները համարվում են ամենաանվտանգ տրանսպորտի տեսակներից մեկը։