Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
Ներկայացրե՛ք Առաջին աշխարհամարտի ընդհանուր կառուցվածքը
Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել տերությունների 2 խմբավորումների՝ գերմանա-ավստրիական (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, 1915 թ-ից՝ Բուլղարիա) և Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Սերբիա, 1917 թ-ից՝ ԱՄՆ և այլն, ընդհանուր թվով 34 պետություն) միջև: Պատերազմն ավարտվել է Անտանտի հաղթանակով. փլուզվել են Ավստրո-Հունգարական, Օսմանյան, Ռուսական, Գերմանական կայսրությունները, աշխարհի պետությունների թիվը 59-ից հասել է 71-ի:Պատերազմի նպատակն աշխարհը վերաբաժանելն էր, նրա քաղաքական քարտեզը վերաձևելը: Անգլիան ծրագրել էր կործանել իր ամենավտանգավոր մրցակցին՝ Գերմանական կայսրությունը, Թուրքիայից զավթել Միջագետքն ու Պաղեստինը, ամրանալ Եգիպտոսում և պահպանել իր գաղութային կայսրությունը: Ֆրանսիան ուզում էր վերադարձնել 1871 թ-ին Գերմանիայի գրաված Էլզասն ու Լոթարինգիան և զավթել Սաարի ածխի ավազանը: Գերմանիան, նպատակադրվելով տիրապետող դիրք գրավել Եվրոպայում, ձգտում էր պարտության մատնել Անգլիային, Ֆրանսիային, Բելգիային ու Հոլանդիային, զավթել նրանց գաղութները, մասնատել Ռուսաստանը: Ավստրո-Հունգարիան մտադիր էր զավթել Սերբիան ու Չեռնոգորիան, իսկ Ռուսաստանը ցանկանում էր գրավել Գալիցիան ու Արևմտյան Հայաստանը, կործանել Օսմանյան կայսրությունը, նվաճել Բոսֆոր և Դարդանել նեղուցները, դուրս գալ Միջերկրական ծով: Թուրքիան որոշել էր գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանի Ատրպատական նահանգը, Միջին Ասիան և իրագործել իր պանթուրքական ծրագիրը:
Ինչու՞ էր այն կոչվում աշխարհամարտ
Առաջին համաշխարհային պատերազմը անվանում են աշխարհամարտ, քանի որ պատերազմին մասնակցել են աշխարհի գրեթե բոլոր պետությունները, աշխարհի 59 պետություններից պատերազմին մասնակցում էր 38-ը։
Ինչպիսի իրավիճակ էր պատերազմի Արևմտյան և Արևելյան ճակատներում
Արևմտյան ճակատ
1914 թ-ի ամենամեծ ճակատամարտը տեղի է ունեցել Մառն և Էն գետերի շրջանում, որտեղ 2 կողմից մասնակցեց 1,5 մլն մարդ, զոհվեց և վիրավորվեց 600 հզ-ը: Ֆրանս-անգլիական զորքերը կանգնեցրին գերմանական զորքերի հարձակումը դեպի Փարիզ և հակառակորդին ստիպեցին նահանջել մինչև Էն գետը: Արևմտյան ճակատում սկսվեց դիրքային պատերազմ: 1916 թ-ին Գերմանիան խոշոր հարձակում ձեռնարկեց Վերդենի շրջանում (Արևմտյան ճակատ), որտեղ կողմերը վճռական հաջողության չհասան: «Վերդենյան մսաղացում» հակառակորդները տվեցին մոտ 1,5 մլն զոհ:
Արևելյան ճակատ
Օգոստոսի վերջին Գերմանիային պատերազմ հայտարարած Ճապոնիան սկսեց Խաղաղ օվկիանոսում զավթել գերմանական տիրույթները և հպատակեցնել Չինաստանը: Կովկասյան ռազմաճակատում 1914 թ-ի դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ-ի հունվարի 5-ը Սարիղամիշի մոտ ռուսական բանակը գլխովին ջախջախեց թուրքական 90-հզ-անոց զորքը (փրկվեց միայն 12 հզ-ը), իսկ ռազմական նախարար Էնվեր փաշան հազիվ խուսափեց գերեվարվելուց: Արևելյան ռազմաճակատում ռուսական զորքերը պարտության մատնեցին Ավստրո-Հունգարիային (ավելի քան 1 մլն սպանված ու վիրավոր, 400 հզ. գերի): Դրա շնորհիվ փրկվեց Իտալիան, որը պարտվել էր ավստրիացիներից: Ռուսները թուրքերին վտարեցին նաև Իրանի Ատրպատական նահանգից: Կովկասյան ճակատում ռուսական զորքերը, հաջող հարձակում ձեռնարկելով, 1916 թ-ին գրավեցին Էրզրումը, Երզնկան, Մամախաթունը, Տրապիզոնը, Բիթլիսը և այլ տարածքներ՝ հասնելով Սեբաստիայի վիլայեթ: