Դատարանի մասին
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 171-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է:
Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`
1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.
2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:
Վճռաբեկ դատարանը կազմված է՝
1) վճռաբեկ դատարանի նախագահից.
2) քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատից.
3) քրեական եւ զինվորական գործերով պալատից։
Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր պալատ կազմված է վճռաբեկ դատարանի պալատի նախագահից եւ պալատի հինգ դատավորներից։
Վճռաբեկ դատարանի նստավայրը Երեւան քաղաքն է:
Հոդված 22. Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը
Վճռաբեկ բողոք բերելու համար հիմք են՝
1) քաղաքացիական դատավարությունում գործին մասնակցող անձանց նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը.
2) քրեական դատավարությունում դատավարության մասնակիցների նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը.
3) նոր ի հայտ եկած հանգամանքները:
Հոդված 23. Վճռաբեկ դատարանի նախագահը
Վճռաբեկ դատարանի նախագահը դատավոր է:
Վճռաբեկ դատարանի նախագահը՝
1) ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը.
2) հրավիրում եւ վարում է վճռաբեկ դատարանի պալատի նիստը.
3) գրանցում է փաստաբանների միությունները.
4) գրանցում է հատուկ արտոնագիր ունեցող փաստաբաններին.
5) հետեւում է դատավորների աշխատանքային կարգապահությանը.
6) դատավորներին, օրենքով սահմանված կարգով, տրամադրում է արձակուրդ.
7) կառավարության սահմանած նորմատիվների եւ աշխատավարձի ֆոնդի սահմաններում նշանակում եւ ազատում է դատարանի աշխատակազմի աշխատողներին, իրականացնում է աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.
8) կազմակերպում է դատական պրակտիկայի ուսումնասիրումը եւ
ամփոփումը.
9) վարում է դատական վիճակագրությունը.
10) տնօրինում է դատարանի ֆինանսական միջոցները.
11) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
12) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
Հոդված 24. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը
Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը դատավոր է:
Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը՝
1) վճռաբեկ դատարանի նախագահի հանձնարարությամբ վարում է պալատի նիստը.
2) վճռաբեկ դատարանի նախագահի բացակայության ժամանակ նրա հանձնարարությամբ ժամանակավորապես իրականացնում է վերջինիս լիազորությունները:
Հոդված 25. Վճռաբեկ դատարանի աշխատակազմը
Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր դատավորի համար նախատեսվում է օգնականի մեկ հաստիք:
Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր պալատին տրամադրվում են նիստերի քարտուղարի երկու եւ գործավարի մեկ հաստիքներ: Վճռաբեկ դատարանն ունի աշխատակազմի ղեկավար, հաշվապահ, արխիվապահ եւ այլ աշխատողներ՝ կառավարության հաստատած նորմատիվներին համապատասխան:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ իր կայացրած դատական ակտերը:
Օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:
Մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու նպատակով Վճռաբեկ դատարանը վերանայում է այն դատական ակտերը, որոնք խաթարում են արդարադատության բուն էությունը:
Վճռաբեկ դատարանի որոշումներն ուժի մեջ են մտնում ՀՀ քրեական, քաղաքացիական և վարչական օրենսգրքերով սահմանված կարգով, ժամկետներում և ենթակա չեն բողոքարկման:
Աշխատակազմ, դատավորներ
Աղբյուրներ՝
http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1479&lang=arm#4