Թումանյանի ծննդյան օրվա կապացությամբ հանրապետությունում տարիներ շարունակ նշում ենք «Գիրք նվիրելու տոն»-ը։ Այն դարձել է տարվա իմ ամենասիրելի իրադարձություններից մեկը (մյուս տոնը՝ «Թանգարանների օր»-ն է)։ Չնայած դրան, կրթահամալիրում առաջին անգամ էի մասնակցում այս գեղեցիկ իրադարձությանը։ Տիկին Սոֆյայի հետ մեր դասարանով որոշեցինք նշել տոնն ու միմյանց գրքեր նվիրել։ Սկզբում թղթի վրա գրեցինք բոլոր մասնակից սովորողների անունները, հետո արդեն յուրաքանչյուրը վերցնում էր մի թուղթ, տեղեկանում, թե ում պետք է նվիրի գիրք։
Որոշեցինք օրը։ Հետաքրքիր ու գեղեցիկ ձևով յուրաքանչյուր սովորող իր պատրաստած նվեր-գիրքը ներկայացնում էր դասարանին, պատմում գրքի մասին։ Հետո նկարագրում ու բնութագրում էր այն սովորողին՝ ում համար պատրաստել է նվերը, առանց նշելու նրա անունը։ Իսկ հետո արդեն բոլորս պետք է գուշակեինք, թե ում է նկարագրում նվիրողը, այդպես, խաղարկային կերպով կազմակերպեցինք մեր գիրք նվիրելու օրվա միջոցառումը։ Իրականում, այս նախագծի շնորհիվ մենք ունեցանք փոքրիկ բացահայտումներ, սկսեցինք միմյանց ավելի լավ ճանաչել ու բացահայտել այլ կողմերից, հասկացանք՝ ով ինչ ժանր է նախընտրում, ինչքան է կարդում․․․․
Ես գիրք նվիրեցի իմ դասընկեր Խաչիկին, ում հետաքրքրությունների շրջանակը ինձ բավականին ծանոթ էր, և ամենասկզբից էլ պատկերացնում էի, թե ինչ գիրք կնվիրեմ։ Այսպիսով, գիրք գնելու փնտրտուքներով տարված, կանգ առա Պաուլու Կոելյոյի «Վերոնիկան որոշում է մեռնել» գրքի վրա։ Առհասարակ, Կոելյո հեղինակը ընթերցողի շրջանակին բավականին հայտնի է։ Ոմանք հավանում են նրա ստեղծագործությունները, ոմանք՝ ոչ։ Ինձ համար ռիսկային էր նրան այս գիրքը նվիրելը, քանի որ գիտեի՝ Կոելյոյից ոչ մի ստեղծագործություն դեռ չի ընթերցել։ Որոշեցի ինձ վրա վերցնել այդ պատասխանատվությունն ու առաջինը նրան նվիրել հենց այս գրողի գիրքը։ Ես գիրքը դեռ չեմ ընթերցել, չնայած շատ եմ լսել դրա մասին։ Ինչևէ, գրողի այլ ստեղծագործություններ ընթերցել եմ, ու ծանոթ էի նրա գրելաձևին ու ստեղծագործական ոճին։ Հուսով եմ՝ դասընկերս կհավանի գիրքը, իսկ կարդալուց հետո կփոխանցի ինձ։ Ցանկանում եմ ինքս էլ կարդալ։ Ինչևէ, այսօր բոլորս նվիրեցինք միմյանց գրքեր և որոշեցինք, որ ընթերցումից հետո կփոխանցենք իրար, կունենանք նաև հետաքրքիր քննարկումներ դրանց շուրջ։
Այսօր մենք ունեցանք գեղեցիկ օր և շատ կցանկանամ, որ այս նախագիծը մեր կրթահամալիրի օրացույցի պարտադիր բաղկացուցիչ մաս կազմի։ Այդուհանդերձ, սրա շնորհիվ մենք խթանում ենք ընթերցանությունը, առաջանում է սեր, հետաքրքրություն կարդալու նկատմամբ, ձևավորվում է կարդալու մշակույթ, կարևորվում է գրականության դերը։