«Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.»

Փետրվարի 9-ին (նոր տոմարով) Ջավախքի Ախալքալաքի գավառի Գանձա գյուղի քահանա Սուքիաս Տեր- Գրիգորյանի բազմանդամ ընտանիքում ծնվեց 11-րդ զավակ Վահանը` ապագա բանաստեղծ Վահան Տերյանը։ 1913–17 թթ-ին Տերյանը սովորել է Պետրոգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, հայագետ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ ուսումնասիրել է հայագիտական առարկաներ, սովորել արաբերեն, պարսկերեն, վրացերեն, մասնակցել է Վալերի Բրյուսովի կազմած «Հայ պոեզիան…» անթոլոգիայի և Մաքսիմ Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածուի» պատրաստմանը, ռուսերեն թարգմանել հայ հեղինակների գործերից: 1917 թ-ին Տերյանը դարձել է բոլշևիկյան կուսակցության անդամ, Ազգությունների ժողկոմիսարիատում եղել է հայկական գործերի բաժնի վարիչի տեղակալ: 1917 թ-ի վերջին Ռուսաստանի խորհրդային կառավարությանն է ներկայացրել «Թուրքահայաստանի մասին» դեկրետը (որոշում) և «Հայաստանի մասին» զեկուցագիրը: 1918 թ-ին մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին` որպես համառուսաստանյան ազգությունների ժողկոմխորհի` հայկական գործերի գծով խորհրդական:
«Լեզուն ազգի հոգին է, կենդանի է այդ հոգին, կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է նաև երկրորդը»:
1908 թ-ին Թիֆլիսում լույս է տեսել Տերյանի առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որով նոր դարագլուխ է բացվել հայ քնարերգության պատմության մեջ: Գրական աշխարհը ողջունել է տաղանդավոր բանաստեղծի հայտնությունը: Ժողովածուի լույսընծայման առիթով Ստեփան Զորյանը գրել է. «…Սկսվել էր պարզապես տերյանական շրջան, Տերյանի էպոխա: Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»:
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել
Ես ամենուրեք քե՛զ եմ որոնում.
Դու, երազների լուսե օրրանում՝
Անո՛ւրջ, որ գուցե բնավ չես եղել…
1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և դրան հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ, մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919-ին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում։
Տերյանը շրջել է Հյուսիսային Կովկասի քաղաքներում, սատարել եղեռնապուրծ հայ գաղթականությանը, գրել հոգեցունց բանաստեղծություններ («Մենք բոլորս, բոլորս մանուկներ ենք որբ…», «Հայրենիքում իմ արնաներկ» և այլն), ողբացել հազարամյակների խորքից եկած, ուղեմոլոր, հուսահատ ու վիրավոր իր ժողովրդի անամոք վիշտը:
ՏԵՐՅԱՆՆ ՈՒ ԿԱՆԱՅՔ

Տերյանի առաջին սերն էր Անթառամ Մինասյանը: Տերյանը հանդիպում է նրան Մոսկվայում` 17 համարի տրամվայում: Տերյանի սառած հայացքն ուղղված է եղել պատուհանի մոտ մեջքով կանգնած աղջկան: Այնքան է մոտեցել աղջկան, որ տրամվայի ամեն մի ցնցումից նրա հյուսքերը դիպչել են երիտասարդի դեմքին, և շոշափելիորեն զգացելէ վարսերի բույրն ու փափկությունը: Սակայն, նրան այդ երանությունից կտրել է տոմսավաճառի ձայնը` «Հաջորդ կանգառը` Հայկական եկեղեցի»: Այդպես, երկուսով մտնում են եկեղեցու բակ, պարզվեց, որ աղջիկը հայուհի է, անունը Անթառամ, գործարանատեր Մնացական Միսկարյանի ավագ դուստրը, որը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու: Պարզվեց նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է… Տերյանն ու Անթառամը սիրեցին իրար՝ առաջին հայացքից, սակայն մոսկովյան սիրավեպի այլ ընթացք ունեցավ, քնաի որ Անթառամն այդտեղ էր՝ մի քանի օրով: Անթառամն այս մասին գրել է․ «1908թ աշնանը, երբ նախքան դասընթացներն ընդունվելս եղբորս հյուր եղա Մոսկվա, մի անգամ Կոլյա Վարագովի՝ Դավթի ճեմարանական դասընկերոջ հետ Տվերսկայա փողոցով գնում էինք Ելիսեևի խանութի մոտի տրամվայի կանգառը: Այն րոպեին, երբ բարձրանում էինք տրամվայի աստիճանին, Վահանը տեսավ Կոլյային և իմ երկար հյուսերը: Չգիտեմ, նա հասցրե՞լ էր մի ուրիշ բան ասել, բայց լսեցի , որ Վահանն ասաց. «Սիրտս ուզում է այդ հյուսը կտրել»: Կոլյան, թե՝ «Ի՞նչ ես ասում: Ախր սա Դավիթ Միսկարյանի քույրն է»: Ես առաջ անցա, իսկ նրանք մնացին տրամվայի վերջի հարթակում: Երբ տրամվայից իջանք, Կոլյան ինձ ծանոթացրեց Վահանի հետ: Իսկ ցած իջանք Մյասնիցկայա փողոցում, քանի որ գնում էինք հայկական եկեղեցի: Պարզվեց, որ Վահանն էլ էր գնում եկեղեցի: Օրը կիրակի էր: Եկեղեցու մոտ շատ ժողովուրդ կար: Ես եկեղեցի մտա երգչախմբին լսելու, իսկ Կոլյան ու Վահանը մնացին բակում, ինչպես այն ժամանակ ասում էին՝ «հարսնացու տեսնելու»: Իսկ Տերյանն արտահայտել իր նեղսրտությունը. «Հենց ուզում էի Անտյային առաջարկություն անել, մեկնեց»…

Այդուհետ, նրանց սիրավեպն իր շարունակությունը գտավ նամակագրություններում, որոնցում Տերյանը Անթառամին դիմում էր բացառապես «Անտյա», «Անտենկա» փաղաքշական բառերով: Գրողն իր օգնությունն էր առաջարկում աղջկան ու դա փոխադարձ էր: Անթառամն իր հերթին Տերյանին օգնել է ֆրանսերենից թարգմանություններ անել. «Վահանն ինձ կանչում էր Պետրոգրադ: Եվ ահա 1916 թվականի աշնանը գնացի: Ապրում էի Վահանի ընտանիքում: Սովորաբար առավոտները մենք երկուսով նստում էինք սեղանի առաջ, ես վերցնում էի Բոդլերի «Չարի ծաղիկները» գիրքը, բառացի թարգմանում ռուսերեն, իսկ Վահանը գրի էր առնում, ապա թարգմանում հայերեն»: Սակայն, ընդամենը 2 ամիս անց Անթառամի և Տերյանի հեռակա սիրո արանքում հայտնվում է նոր անուն։ Անթառամ Միսկարյան` Տերյանի քնքուշ սերը. բաժանվեց Մորոզովից, միակ որդուն կորցրեց 2-րդ աշխարհամարտում, պատերազմից հետո պարգևատևվեց, մահացավ 1969թ. միայնության մեջ։
Սուսաննա Պախալովան հայտնվեց Տերյանի կյանքում երբ նա դեռ սիրային-նամակագրական կապի մեջ էր Անթառամ Միսկարյանի հետ: Մոսկվա, Տրյոխպրուդնի նրբանցք, բն. 19՝ Սուսաննա Պախալովային. այս հասցեն Տերյանի կյանքում հայտնվում է Անթառամին ուղված սիրային նամակից ընդամենը 2 ամիս անց: Սուսաննան Ստավրոպոլի հայերից էր, նա երիտասարդ էր, գեղեցիկ և այս ամենի հետ մեկտեղ հիանալի տիրապետում էր տղամարդուն գրավելու բոլոր կանացի հնարքներին, իր կողքին պահելու խորամանկություններին: Հենց այդ հմտությունների շնորհիվ նա վստահ սողոսկեց Տերյանի և Անթառամի կյանք: Սուսաննան ամեն հնարքի դիմեց, որպեսզի պոետի միտքն իր վրա կենտրոնացնի, նույնիսկ ստեց, թե երեխայի է սպասում, իսկ Տերյանը չկարողացավ նրան մերժել և ստիպված եղավ ամուսնանալ: Դա 1911 թվականի փետրվարն էր, բայց նրանց առաջին զավակը ծնվեց հինգ տարի անց:

Այդուհանդերձ, Տերյանը չի դադարում գրել Անթառամին. «Մի բարկացեք, սիրելի Անտենկա, որ երկար ժամանակ Ձեզ չէի գրում: Բանն այն է, որ ես ամուսնացել եմ: Բայց Ձեզ տեսնելու ցանկությունս հիմա պակաս չէ: Հավատացնում եմ, որ շատ կուզենայի ձեզ տեսնել»: Անթառամը պատասխանում է նույն ոճով. «Ես նույնպես ամուսնանում եմ: Արդեն քանի տարի է՝ Վլադիմիր Մորոզովը սիրահետում է ինձ: Ես նրան անվերջ մերժել եմ, իսկ հիմա տալիս եմ համաձայնությունս»: Այս նամակներից հետո նրանց հեռակա կապը չի ընդհատվում, հակառակը, նամակագրությունը դառնում է ավելի զգացական, սիրային ու կրքոտ: Այս ամենի մասին քաջատեղյակ էր նաև Տերյանի Սուսաննան. խորամանկ ու խելացի կինը չի խոչընդոտում նրանց հեռակա կապին, անգամ հաճախ Տերյանի՝ Անթառամին ուղղված նամակներում իր կողմից բարևներ է ավելացնում: Սուսաննայի զավակը մահանում է 1916 թվակլանին՝ 5 տարեկան հասակում. սա չափազանց ծանր հարված է դառնում Սուսաննայի համար և նրա մոտ էլ թոքախտ են հայտնաբերում. թվում էր, թե նրա մոտ այլևս ինտրիգների ուժ չէր մնացել: Երկու տարի անց՝ 1918 թվականին տիկին Պախալովան երկրորդ երեխային ունեցավ և շատ շուտով՝ Տերյանին մենակ թողնելով, մեկնեց Ստավրոպոլ: Որոշ քաղաքական իրավիճակներից ելնելով` Տերյանը չէր կարող գնալ նրա ետևից, փոխարենը բազմիցս առաջարկում էր կնոջը Մոսկվա գալ, սակայն մերժում էր ստանում…
Սուսաննա Պախալովան` Տերյանի ճակատագրական սերը երկրորդ անգամ ամուսնացավ Տերյանի մտերիմ ընկերոջ` Ալ. Մյասնիկյանի հետ:
Տերյանի կյանքի վերջին և ամենահոգատար կինն էր Անահիտ Շահիջանյանը: Անահիտն ու Տերյանը հանդիպեցին Ազգությունների հարցով ժողովրդական կոմիսարիատում: Վահանը մենակ էր, հիվանդ ու լքված, իսկ Անահիտը՝ պատրաստակամ խնամելու ու սիրելու այդ խեղճ տղամարդուն ու հանճարեղ պոետին: Իմանալով, որ դուստրը պատրաստվում է ամուսնանալ թոքախտով հիվանդ, աղքատ բանաստեղծի հետ՝ Անահիտի մայրը գրում է նրան. «Երիտասարդ կյանքդ մի՛ կործանիր, թո՛ղ այդ էգոիստին. իմանալով, որ հիվանդ է՝ ի՞նչ խղճով է ուզում ամուսնանալ քեզ հետ, հեռացիր այդ եսասեր մարդուց»: Սակայն, Անահիտն, իհարկե, չի հետևում մոր խորհրդին. ամուսնանում ու ամբողջովին նվիրվում է ամուսնուն: Տերյանի ինքնազգացողությունը գնալով վատթարանում է:

1919 թվականի դեկտեմբերին Անահիտը իր օրագրում գրում է. «Քսանմեկի երեկոյան նա պառկեց և այլևս վեր չկացավ…»: Նույն թվականի դեկտեմբերի քսանյոթին ապրելով Սուպոևո գյուղում, Անթառամ Միսկարյանը իր օրագրում գրում է. «Երազումս տեսա, որ Վահանը մեռել է». Անթառամի գրառումը մարգարեական է դառնում… «Ինձ անվերջ կամֆորա սրսկեք, գոնե մեկ շաբաթով կյանքս երկարի».- ասում է Տերյանն ու երկու ժամից ավանդում հոգին: Պոետի մահից երեք ամիս անց՝ 1920 թվականի ապրիլին, Անահիտ Շահիջանյանը դուստր ունեցավ և կոչեց ամուսնու վաղանցիկ սերերից մեկի՝ Հովհաննես Թումանյանի դստեր՝ Նվարդի անունով: Որոշ ժամանակ անց նա ամուսնացավ հոգատար, իրեն շատ սիրող Եզիազարյանի հետ: Այս մարդը ջանք և նյութական միջոց չխնայեց Տերյանի դստերը թոքախտից փրկելու համար: Նրանք որդի ունեցան: Անահիտ Շահիջանյանը մահացավ 1950-ին: