Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։ Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։ Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։ 1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։ XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում: 1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։ Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։
ՄԵՐ ՈՒԽՏԸ
Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։
Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։
Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։
Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։
Պարոն Նիկ. Տեր-Ղևոնդյանը և իմ «Շունն ու Կատուն»
Ի՞նչ սովորեցիր գեղարվեստական ոճի մասին։ Ինչո՞ւ են երբեմն պետք լինում բարբառային կամ խոսակցական բառերը գեղարվեստական ստեղծագործության մեջ, բեր օրինակներ։ Ի՞նչ է նշանակում «հեղինակ», «Հեղինակային իրավունք» ըստ այս հոդվածի։ Ինչպե՞ս է խախտվում Թումանյանի հեղինակային իրավունքը։ Տեսակետդ գրիր՝ կարելի՞ է ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ փոխել հեղինակի ստեղծածը։ Եթե այո՝ ո՞ր դեպքում և ինչպե՞ս պետք է վարվել, չխախտելու համար հեղինակի իրավունքը։
Այս նյութում Թումանյանը բարձրացնում է խնդիր՝ հեղինակային իրավունքի և հեղինակի խոսքի հետ կապված։ Այսպես ուրեմն, Թումանյանի «Շունն ու Կատուն» բալլադը որոշվել է, որ պետք է ներառվի դասագրքերում և դասագրքի հեղինակը որոշ հատվածներ դուրս է բերել։ Եվ այս նյութում Թումանյանը իր դժգոհությունն ու վրդովմունքն է արտահայտում խնդրի և առհասարակ երևույթի հետ կապված։ Դասագրքի հեղինակը՝ Նիկ. Տեր-Ղևոնդյանը, այդ փոփոխությունները հիմնավորել է որպես ավելի գրական և ոչ ռամկական բառապաշարի կիրառում։ Նախ այս ամենի հետ կապված առաջանում են միանգամից մի քանի խնդիրներ և տեսանկյուններ։ Եթե հեղինակը գրում է՝ նշանակում է ընթերցողին ներկայացնում է իր ոճը, իսկ Թումանյանի գրելաոճն ունի իր գեղեցկությունն ու յուրահատկությունը։ Այսպիսով, թե ինչ բառապաշարով կգրի հեղինակը՝ դա նրա իրավունք է։ Երկրորդ. ի՞նչ խնդիր կա այսպես կոչված ռամկական բառապաշարի հետ։ Այն միևնույն է հայերեն է, և մեր լեզվի բարբառներից մեկը՝ լոռվա բարբառը։ Ես այն կարծիքին եմ, որ յուրաքանչյուր բարբառ, առավելապես՝ բառապաշար, պետք է ունենա իր ուրույն տեղը մեր գրականության և լեզվի մեջ։ Հենց դրանցով է հարստանում և զարգանում մեր լեզուն, և այն միանգամայն էլ ավելի է գեղեցկացնում հայերենը։ Եվ մեկ այլ տեսանկյունից էլ, որը բավականին հակասական է, այն է, որ դասագրքի հեղինակն ունի իր կարծիքն ու տեսակետները, և այն արտահայտելու իրավունք ունի։ Բայց կա մեկ խնդիր, որպիսի ստեղծագործության հեղինակի իրավունքները չոտնահարվեն՝ կարևոր է, որ ցանկացած փոփոխությունից նա տեղյակ լինի։ Հետևաբար, եթե Նիկ. Տեր-Ղևոնդյանը փոփոխությունների էր ենթարկում Հովհ. Թումանյանի «Շունն ու Կատուն» բալլադը, ապա պարտավոր էր դա ներկայացնել գրողին և հատկապես քննարել նրա հետ։ Սակայն, դա եղել է մեկ դար առաջ ու նորմալ է, որ հեղինակային իրավունքների վերաբերյալ տեղեկություն հասարակության մեջ ձևավորված չլինի։ Այնուամենայնիվ, կարող ենք ասել, որ միգուցե և փոփոխությունները դիտավորյալ են արել։