Հայաստանի առաջին հանրապետությունը․ Հայկական պետականության ձևավորումն ու ամրապնդումը

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ե՞րբ է լուծարվել ԱԺԴՀ-ն, ի՞նչ պետություններ առաջացան Անդրկովկասում։ Ի՞նչ որոշումներ կայացրեց Հայոց ազգային խորհուրդը 1918 թվականի մայիսի 28-ին։ Ե՞րբ և ո՞ւմ ձևակերպումներով հրապարակվեց Հայոց ազգային խորհրդի կոչը։

1918 թվականի մայիսի 26-ին գումարվեց Անդրկովկասյան Սեյմի վերջին նիստը, որի ընթացքում որոշում ընդունվեց ԱԺԴՀ-ն լուծարելու մասին։ Այդ օրը հռչակվեց նաև Վրաստանի անկախությունը։
Նույն օրը գումարվեց Հայոց ազգային խորհրդի նիստ։ Ընդունելով Վրաստանի անկախությունը որպես փաստ՝ Ազգային խորհուրդն իր վրա վերցրեց հայկական շրջանների նկատմամբ ժամանակավոր կառավարության գործառույթները։
Մայիսի 27-ին հայտարարվեց «Արևելակովկասյան մուսուլմանական հանրապետության» անկախության մասին, որն, ի դեպ, հենց այդ ժամանակ առաջին անգամ իրանական Ատրպատականի անունով պայմանականորեն կոչվեց «Ադրբեջան»։
Հայաստանի անկախության խնդիրը քննարկվեց մայիսի 28-ին՝ Հայոց ազգային խորհրդում։ Բուռն քննարկումներից հետո Հայոց ազգային խորհուրդը վճռեց հռչակել Հայաստանի անկախությունը։ Միաժամանակ որոշում կայացվեց Հայաստանի նոր պատվիրակություն ուղարկել Բաթում՝ թուրքերի հետ հաշտության պայմանագիր կնքելու նպատակով։
1918 թվականի մայիսի 30-ին Թիֆլիսի մամուլում Նիկոլ Աղբալյանի ձևակերպումով հրապարակվեց Հայոց ազգային խորհրդի կոչը։
Այսպիսով՝ ՀՀ հռչակման օրը եղավ մայիսի 28-ը։ Հայաստանի առաջին հանարպետության հռչակումը հայոց պատմության նորագույն շրջանի կարևորագույն իրադարձություններից է։

2․ Ներկայացրե՛ք Բաթումի բանակցությունների արդյունքները։ Բաթումի հաշտության պայմանագիրը ի՞նչ հետևանքներ ունեցավ։

1918 թվականի մայիսի 11-ին Բաթումում վերսկսված բանակցություններում թուրքական պատվիրակությունը գլխավորում էր Խալիլ բեյը, իսկ անդրկովկասյան պատվիրակությունը՝ կառավարության նախագահ Չխենկելին։ Մասնակցում էին նաև խնամատարության նախարար Հովհաննես Քաջազնունին և ֆինանսների նախարար Ալեքսանդր Խատիսյանը։ 1918 թվականի մայիսի 30-ին Հայոց ազգային խորհրդի պատվիրակները հասան Բաթում և դիմեցին Խալիլ բեյին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններ սկսելու նպատակով։ Սկզբում թուրքական կողմը համաձայնություն չտվեց, սակայն մայիսյան հերոսամարտերում հայկական զորքի սխրանքի և Հայաստանի փաստացի անկախություն հայտարարելու մասին գրավոր հավաստիացում ստանալուց հետո ստիպված էր նստելու բանակցության։
1918 թվականի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիր։ Դրանով օսմանյան կառավարությունն ընդունեց և ճանաչեց Հայաստանի անկախությունը։
Բաթումի հաշտության պայմանները Հայաստանի համար ծանր էին, քանի որ Թուրքիան զավթեց ոչ միայն Արդվինը, Կարսը, Օլթին, Արդահանը, Ախալքալաքը, Ախալցխան և այլ տարածքներ, այլև Թուրքիային էր մնում Ալեքսանդրապոլը և երկաթուղին՝ մինչև Ջուլֆա։ Սակայն, այս պայմանագիրը գործեց մի քանի ամիս։

3․ Ինչպե՞ս ձևավորվեց ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմինը և ի՞նչ կազմ ուներ։ Ներկայացրեք ՀՀ առաջին կառավարությունը։ Ի՞նչ խնդիրներ էին ծառացած ՀՀ-ի առջև. որի՞ լուծումն էր ձեր կարծիքով առաջնային. ինչո՞ւ։ ՀՀ նորընտիր խորհրդարանը ի՞նչ կազմ ուներ։ Ե՞րբ և ինչո՞ւ վարչամիավորների բաժանվեց ՀՀ-ն։ Որքա՞ն էր կազմում ՀՀտարածքը և բնակչությունը 1920 թվականի մայիսին։

Անկախության հռչակումից հետո Հայոց կենտրոնական ազգային խորհուրդը սկսեց ձևավորել ՀՀ-ի օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններ։ Երկրի բարձրագույն օրենսդիր իշխանությունը, որը կոչվեց Հայաստանի խորհուրդ, ձևավորվեց Թիֆլիսի, ինչպես նաև Երևանի հայոց ազգային խորհուրդների հենքի վրա։ Նրա անդամներից 18-ը դաշնակցականներ էին, 6-ական անդամներ ուներ ՀԺԿ-ն, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցությունը և ՀՀ-ում ապրող մուսլումանները։
Բարձրադիր գործադիր իշխանությունը՝ կառավարությունը, կոչվում էր մինիստրների խորհուրդ։ 1918 թվականի հունիսի 7-ին Հայոց ազգային խրհուրդը կառավարության նախագահ (վարչապետ) ընտրեց Հովհաննես Քաջազնունուն։ Առաջնային խնդիրները, որոնք պետք է հրատապ լուծվեին գաղթականության, ֆինանսների, հաղորդակցության, պարենավորման, բանակի ստեղծման, սահմանային վիճելի խնդիրների, ներքին հակապետական խռովությունների ճնշման խնդիրներն էին։ Ըստ իս՝ առաջին հերթին պետք էր լուծել պարենավորման և ֆինանսների խնդիրները, քանի որ դրանք առաջնային կարևորություն ունեն։ Այս հարցերը լուծելուց հետո միայն կարող էին լուծվել մնացած խնդիրները։
1919 թվականին հունիսի 21-23-ը տեղի ունեցան ՀՀ խորհրդարանի ընտրությունները։ Դրանք անցկացվեցին համամասնական ընտրակարգով։ Ընտրություններին կարող էին մասնակցել 20 տարին լրացած քաղաքացիները՝ անկախ սեռից, ազգությունից, կրոնական կողմնորոշումից և այլն։ Ընտրվեց խորհրդարանի 80 անդամ, որից 72-ը ՀՅԴ անդամներ էին, 4-ը՝ Էսէռ, 1-ը՝ անկուսակցական, 2-ը՝ թուրք-թաթար, 1-ը՝ եզդի։ Նոր խորհրդարանի նախագահ ընտրվեց Ավետիս Ահարոնյանը։
1919-1920 թթ․ ժողովրդավարական ընտրությունների միջոցով ՀՀ քաղաքներում և գավառներում ներդրվեցին համայնքային ինքնավարություններ՝ զեմստվոներ։ Ընտրովի էին նաև գյուղական տանուտերերի պաշտոնները։ 1920 թ․ մայիսին հանրապետության տարածքը բաժանվեց վարչական 4 նահանգների՝ Արարատյան, Շիրակի, Վանանդի և Սյունյաց։ Այդ ժամանակ ՀՀ տարածքը հասավ շուրջ 70 հազար քառ․ կիլոմետրի՝ 2 միլիոն բնակչությամբ։

4․ Ո՞ր օրենքով ՀՀ-ում ստեղծվեց դատական համակարգը։ Ի՞նչ նպատակ էր հետապնդում հայերենի՝ որպես պետական լեզվի ճանաչումը։ Ներկայացրե՛ք ՀՀ դրոշը, զինանշանը և օրհներգը։

Կարևոր էր 3-րդ իշխանության՝ դատաիրավական մարմինների ու արդարադատության կայացումը։ 1918 թ․ դեկտեմբերի 6-ին ընդունվեց դատական հիմնարկությունների մասին օրենքը։ Ձևավորվեցին հաշտարար, շրջանային, երդվյալ ատենակալների դատարաններ և այլն։ Դատավարությունը կատարվում էր հայերենով։
Ազգային պետության հաստատման կարևոր պայմանը և երաշխիքը հայերենի՝ որպես պետական ճանաչումն էր։ Պետական լեզվի մասին օրենքը, որը ստորագրել էր Լևոն Շանթը, ընդունվեց 1919 թ․ դեկտեմբերի 26-ին։ Իսկ 1920 թ․ մայիսի 30-ին օրենք ընդունվեց պետական լեզվին չտիրապետող պաշտոնյաներին աշխատանքից ազատելու պայմանների մասին։ Բացառություն էր արվում միայն սպաներին, որոնց ազատումը կվնասեր բանակաշինությանը։
Ընդունվեցին պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը։ Որոշվեց, որ պետական դրոշը լինելու է եռագույն՝ կարմիր, կապույտ, նարնջագույն։ Սակայն նարնջի գույն ապահովելը դժվար էր, ուստի այն փոխարինվեց դեղինով։ Զինանշանի մասին օրենքը հաստատվեց 1920 թ․ հուլիսի 23-ին։ Զինանշանի հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։ ՀՀ-ում որպես օրհներգ գործածվում էր «Մեր հայրենիք» հայրենասիրական երգը, որի երաժշտության եղինակն էր Բարսեղ Կանաչյանը։ Առաջին հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը Հայաստանի երրորդ հանրապետությունը այսօր նույնությամբ դարձրել է իր խորհրդանիշները։

5․ Համառոտ ներկայացրե՛ք ՀՀ ազգային բանակի ստեղծման պատմությունը։ Ի՞նչ զորատեսակներ ուներ և ի՞նչ զինատեսակներով էր զինված հայկական բանակը։

Զինված ուժերը յուրաքանչյուր պետության անվտանգության հիմքն են։ Դա առավելապես վերաբերվում է ՀՀ-ին, որը ծնվեց պատերազմի բովում, և որին վիճակված էր կռիվներով պաշտպանելու իր գոյությունը։ 1918թ․ սեպտեմբերին Առանձին հայկական կորպուսը, Բաթումի պայմանագրի համաձայն, վերակազմավորվեց դիվիզիայի, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկյանը։ Աշխարհամարտում Թուրքիայի պարտությոնից հետո նպաստավոր պայմաններ ստեղծվեցին ՀՀ զինված ուժերի ծավալման համար։ Գեներալ Թովմաս Նազարբեկյանը նշանակվեց բանակի սպարապետ։ ՀՀ-ն 1920 թ․ սկզբին ուներ 4 առանձին բրիգադ՝ 9 գնդով, մեկ հեծյալ բրիգադ՝ 2 գնդով, ավիաջոկատ, 2 զրահագնացք և այլ ուժեր։ Հայոց բանակը հիմնականում սպառազինվեց անգլիական զենք ու զինավթերքով։

6․ Ներկայացրե՛ք հայոց պատմությունը 1918-1920թթ. առանց Հայաստանի Հանրապետության։

Ըստ իս, եթե Հայոց պատմությունից ջնջվեր 1918-1920 թվականները ընկած ժամանակահատվածը, ապա մի շարք կարևոր իրադարձություններ տեղի չէին ունենա։ Չէին լինի մայիսյան հերոսամարտերը, որոնք օգնեցին հայ ժողովրդին համախմբվել և պայքարել կյանքի ու հայրենիքի համար։ Թշնամին, ինչպես միշտ, կփորձեր յուրացնել Հայաստանի տարածքները և կշարունակեր իր ցեղասպանության ծրագիրը։ Ի վերջո, չէր լինի Հայաստանի առաջին հանրապետությունը, որը, ճիշտ է, կարճ կյանք ունեցավ, սակայն ցեղասպանությունունից հետո դարձավ այն հույսը, որի շնորհիվ հայ ժողովուրդը որոշեց ապրել, միախմբվել և առաջ շարժվել։

Leave a comment