Հարցեր և առաջադրանքներ
1․ Որո՞նք էին ՀՀ տնտեսական ծանր դրության պատճառները։ Ներկայացրե՛ք ՀՀ կառավարության ձեռնարկած արտակարգ միջոցառումները։ Ի՞նչ արդյունքներ դրանք ունեցան։
Համաշխարհային պատերազմի պատճառով խիստ տուժել էր ՀՀ տնտեսությունը։ Բացի այդ, հայերը տեսել էին ցեղասպանություն, երկրում տիրում էին սովը և համաճարակը։ Սպառման շուկաները փակ էին, խիստ կրճատվել էին բամբակի մշակումը և արտադրությունը։ Ծանր վիճակում էր երկաթուղային տրանսպորտը։ Սովյալների թիվն անցնում էր կես միլիոն մարդուց՝ գաղթականներ և տեղացիներ։ Սուրմալուի գավառի բնակչության կեսից ավելին սովամահ եղավ։
Կառավարությունը դիմեց արտակարգ միջոցների։ Հայտարարվեց հացի, ինչպես նաև բամբակի մենաշնորհ։ Կատարվում էր հացի բռնագրավում, կենտրոնացվում պետության ձեռքում ու բաշխվում բնակչությանը։ Աղքատները հաց էին ստանում անվճար, իսկ միջին կարիքավորները՝ վճարով։ Օգնություն կազմակերպելու առաքելությամբ ԱՄՆ մեկնեց վարչապետ Հովհաննես Քաջազնունին։ 1919 թ․ մայիսին ԱՄՆ-ից ստացվեց 1,3 մլն փութ ալյուր, 257 հազար փութ ցորեն և այլ պարենամթերք։
Ներքին կյանքի բարդ խնդիրներից էր գաղթականության և որբերի հարցը։ Գաղթականների թիվը հասնում էր 300 հազարի։ Ընդունվեց գաղթականներին հողով, աշխատանքով կամ պետական նպաստով ապահովելու օրենք։ Գաղթականներին բնակեցնում էին լքյալ և սակավամարդ բնակավայրերում, մասամբ՝ քաղաքներում։
ՀՀ-ում կային նաև 40 հազարից ավելի որբ և անապաստան երեխաներ։ 1919 թ․ վերջերին պետությունը կարողացավ կազմակերպել միայն 13 հազարի խնամքը մանկատներում Մյուսների հոգսը ստանձնեց Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտեն (Արմենկոմ)։
Ընդհանրապես այս շրջանում արտաքին օգնությունը զգալի դեր կատարեց երկրում սովը մեղմելու և մարդկանց փրկելու հարցում։
2․ Ի՞նչն էր ընկած ՀՀ հողային քաղաքականության հիմքում։ Ներկայացրե՛ք տնտեսական այն միջոցառումները, որոնք ձեռնարկվեցին ՀՀ-ում․ ի՞նչ հետևանքներ դրանք ունեցան։
Պետությունը մեծ ուշադրություն էր դարձնում հողային քաղաքականությանը։ Սակայն այդ հարցում իշխանությունները չէին շտապում ընդունելու նոր օրենսդրությունը․ սպասում էին Հայկական հարցի լուծմանը, որից կախված է փոխվելու էին ՀՀ սահմանները և հողային ֆոնդի ծավալը։
Հողի մասին օրենքն ընդունվեց 1920 թ․ Մայիսյան ապստամբության ճնշումից հետո։ Ստեղծվեցին հողային հատուկ մարմիններ, որոնց խնդիրն էր ամենակարճ ժամանակում պատկերացնել բոլոր մասնատիրական, վանքապատկան, վակուֆային, եկեղեցական ու լքյալ հողերը, դրանք բաշխել գյուղացիությանը։ Նոր օրենքը հենվում էր հողի ազգայնացման՝ դաշնակցության պաշտպանած էսէռական ծրագրի վրա։ Դրա համաձայն՝ կալվածատիրական հողատիրությունը վերացվում էր առանց հատուցման․ վերացվում էր նաև հողի մասնավոր սեփականությունը և վաճառքը։ Բոլոր հողերն ազգայնացվում էին, հանձնվում գյուղական համայնքներին, ինչպես նաև պարբերաբար վերաբաժանվում էին գյուղացիների միջև հավասարության սկզբունքով՝ ըստ շնչերի կամ աշխատող ձեռքերի։ Ի դեպ՝ այդ օրենքը բխում էր նաև գյուղացիության ցանկությունից։
1920 թ․ ամռանը հողային բարեփոխումն անցկացվեց Հայաստանի մի շարք շրջաններում։ Ստեղծվեց սերմագնման կոմիտե, որը սերմացու հայթայթեց ու բաժանեց հողագործներին։
Տնտեսության մեջ պետությունը թույլատրում էր սեփականության տարբեր ձևերի՝ պետական, մասնավոր, կոոպերատիվ և այլն, գործունեությունը։ Վարվում էր նաև ֆինանսական ճիշտ քաղաքականություն․ մտցվեց եկամտային-առաջադիմական հարկ։ Հարկերի հաշվին ծածկվում էին պետական ծախսերը։
Հայ կապիտալիստներից շատերը մտադիր էին Հայաստանում կառուցել էլեկտրակայաններ, անցկացնել երկաթուղիներ, յուրացնել խոպան հողեր, շահագործել հանքավայրեր։ Որոշ սփյուռքահայ մեծահարուստներ իրենց միջոցներից կտակեցին Հայաստանի Հանրապետությանը, իսկ դաշնակցությունն ԱՄՆ-ում անցկացրեց Հայաստանի «բանակի օր»՝ միջոցներ հավաքելով նրա կարիքների համար։
Ձեռնարկված տնտեսական միջոցառումների շնորհիվ ՀՀ-ն քայլ առ քայլ վերականգնում էր երկրի քայքայված տնտեսությունը։
3․ Քաղաքական ի՞նչ կուսակցություններ էին գործում ՀՀ-ում․ վերհիշե՛ք, թե երբ և ովքեր էին հիմնադրել դրանք։ Հասարակական ի՞նչ կազմակերպություններ էին գործում ՀՀ-ում։ Փաստերով հիմնավորե՛ք, որ ՀՀ-ն, իրոք, ժողովրդավարական երկիր էր։
Երկրում գործում էին 8 քաղաքական կուսակցութուններ։ Դրանցից 3-ը հայ ազգային ավանդական կուսակցություններն էին՝ Ս․ Դ․ Հնչակյան, ՀՅԴ և Հայ սահմանադրական ռամկավար կուսակցությունը (ՀՍՌԿ)` ժամանակին «Արմենական» կուսակցություն: Գործում էին նաև Հայ ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), Սոցիալ-դեմոկրատականների (մենշևիկներ, բոլշևիկներ), Սոցիալիստ-հողափոխականների (էսէռներ) կուսակցությունները։ 1920 թ․ ձևավորվեց Հայաստանի կոմունիստական կուսակցությունը։
Առաջին կուսակցությունը «Արմենական» կուսակցությունն էր, որը հիմնադրվել է 1885 թվականին Վանում՝ Մկրտիչ Թերլեմեզյանի (Ավետիսյանի) նախաձեռնությամբ: Արմենական է անվանվել Մարսելում (Ֆրանսիա) Մկրտիչ Փորթուգալյանի հրատարակած «Արմենիա» թերթի, որտեղ տպագրվել է կուսակցության ծրագիրը:
Հաջորդ կուսակցությունը «Հնչակյան» կուսակցությունն է։ Հիմնադրել են կովկասահայ մի խումբ ուսանողներ՝ Նազարբեկը (Ավետիս Նազարբեկյան), Մարո Նազարբեկյանը, Գաբրիել Կաֆյանը, Ռուբեն Խանազատը և ուրիշներ, 1887 թ․-ին Ժնևում: Կուսակցությունը կոչվել է «Հնչակ» (Колокол) պաշտոնաթերթի անունով:
Հայ հեղափոխական դաշնակցությունը ստեղծվել է 1890 թվականի հուլիս-օգոստոսին Թիֆլիսում: Հիմնադիրներն ու առաջին ղեկավարներն էին Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը, Ստեփան Զորյանը (Ռոստոմ):
Հայ սահմանադրական ռամկավար կուսակցությունը հիմնադրվել է 1908 թվականի հոկտեմբերի 31-ին Ալեքսանդրիայում, Եգիպտոս՝ Վերակազմյալ հնչակյաններ, Արմենական կազմակերպություն և այլ կազմակերպությունների նախկին անդամների մի խմբի կողմից։
Հայ ժողովրդական կուսակցությունը հիմնել են հայ կադետները 1917 թ. ապրիլի 11-ին, Թիֆլիսում:
Սոցիալ-դեմոկրատականների կուսակցությունը հիմնադրվել է Թիֆլիսում 1902 թվականին Ստեփան Շահումյանի, Մելիք Մելիքյանի, Աշոտ Խումարյանի, Ասատուր Կախոյանի, Բոգդան Կնունյանցի և Արշակ Զուրաբյանի կողմից։
Սոցիալիստ-հողափոխականների կուսակցությունը հիմնադրվել է 1907 թվականին՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության նախկին անդամներ Լևոն Աթաբեկյանի և Արսեն Ամիրյանի կողմից։
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ձևավորվել է 1920 թ․ հունիսին Գևորգ Ալիխանյանի կողմից։
Ամենազանգվածային հասարակական ուժն արհեստակցական միություններն էին։ Գործում էր այդպիսի 13 միություն։ Ամենաբազմամարդը երկաթուղայինների արհմիությունն էր։ Գոյություն ունեին կանանց և գյուղացիական կազմակերպություններ, դաշնակցական երիտասարդական միրություն, սկաուտների կազմակերպություն, «Սպարտակ» երիտասարդական կազմակերպությունը, Կարմիր խաչ և այլն։
4․ Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին երկրի կայունությանը սպառնացող ի՞նչ վտանգներ կային։ Ինչպե՞ս էր Թուրքիան փորձում ՀՀ տարածքում ուժեղացնել իր ազդեցությունը։ ՀՀ իշխանություններին ե՞րբ և ի՞նչ միջոցներով հաջողվեց ճնշել հակապետական խռովությունները։
Առաջին հանրապետության օրոք մշտապես առկա էին երկրի կայունությանը սպառնացող վտանգներ։ Դրանք առաջին հերթին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի ներսում կազմակերպված թուրք-թաթարական հակապետական խռովություններն էին։ Թուրքիան և Ադրբեջանը ձգտում էին տիրանալու Հայաստանի մի շարք տարածքների՝ Կարս, Ղարաբաղ (Արցախ), Զանգեզուր, Նախիջևան, Շարուր-Դարալագյազ, Սուրմալու և այլն։
Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Թուրքիան ամեն ինչ անում էր նշված տարածքներն իր ազդեցության տակ պահելու համար։ Այնտեղ թուրքական զորքերի կողմից կազմվեցին տեղական «անկախ հանրապետություններ»՝ իրենց կառավարություններով, այսպես կոչված «շուրաներ», որոնք հրաժարվում էին ենթարկվել ՀՀ կառավարությանը։
Մուսուլմանական կազմավորումները խափանում էին երկրի հաղորդակցության ուղիների բնականոն գործունեությունը։ Նրանք ունեին զինված ուժեր, որոնց գլուխ կանգնած էին փորձառու թուրք սպաներ։ Հակահայկական եռանդուն գործունեություն էր ծավալել հատկապես Երևանում Ադրբեջանի լիազոր ներկայացուցչությունը։
ՀՀ կայունությանը սպառնացող վտանգն ավելի մեծացավ Խորհրդային Ռուսաստանի արևելյան քաղաքականության հետևանքով, երբ գաղտնի համագործակցություն հաստատվեց քեմալական Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև՝ ուղղված ՀՀ-ի դեմ։
1919 թ․ սեպտեմբերին հիմնականում հաջողվեց վճռական գործողություններով վերջ տալ ապստամբական շարջմանը։ 1920 թ․ հուլիսի 10-ին սկսվեց և 2 օրվա ընթացքում ռազմական գործողություն իրականացվեց Բեյուք-Վեդիի խռովարարների նկատմամբ։ Թուրք-թաթարական խռովությունները ճնշվեցին նաև Շարուր-Նախիջևանում և Սևանա լճից արևմուտ ու հյուսիս ընկած շրջաններում։
5․ Ներկայացրե՛ք 1920 թ․ Մայիսյան ապստամբության սկիզբը։ Ովքե՞ր էին այն կազմակերպել։ Երկրի կառավարության կազմում ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան։ Նկարագրե՛ք ապստամբության հետագա ընթացքը։ Որո՞նք էին Մայիսյան ապստամբության պարտության պատճառները։
Մայիսյան ապստամբությունը Հայաստանի բոլշևիկների զինված ելույթն էր ՀՀ-ում խորհրդային կարգեր հաստատելու համար։ Աշխատավորների միջազգային օրը՝ մայիսի 1-ը, նրանք Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Սարիղամիշում և այլուր նշեցին ցույցերով ու հանրահավաքներով։ Ալեքսանդրապոլի բոլշևիկները փորձեցին խաղաղ ցույցերը վերածել ապստամբության։ Դրան նպաստեց այն, որ բոլշևիկների ազդեցության տակ անցան «Վարդան Զորավար» զրահագնացքը՝ կապիտան Սարգիս Մուսայելյանի հրամանատարությամբ, և քաղաքի զինվորական կայազորի զգալի մասը։ Մայիսի 7-ին կայացավ բոլշևիկների ընդլայնված խորհրդակցություն։ Որոշվեց ապստամբությունը միաժամանակ սկսել Ղազախից և Ալեքսանդրապոլից։ Այնուհետև ապստամբ ուժերը շարժվելու էին Երևան այն գրավելու համար, որտեղ, սակայն, ապստամբություն չէր նախատեսվում։
Ալեքսանդրապոլը դարձավ ապստամբության կենտրոնը։ Ստեղծվեց Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե (ՌՀԿ)։ Զինված ուժերի հրամանատար նշանակվեց Սարգիս Մուսայելյանը։ Արմենկոմը ներկայացուցիչ ուղարկեց Ղազախ՝ միաժամանակյա ելույթ ապահովելու համար։ Հայաստանի ՌՀԿ-ն կառավարությունից պահանջեց անձնել իշխանությունը։
ՀՀ իշխանությունները միջոցառումներ մշակեցին հակապետական ելույթները ճնշելու համար։ Մայիսի 5-ին հրաժարական էր տվել Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունը։ Նրան փոխարինեց Համո Օհանջանյանի բյուրո-կառավարությունը, որը որդեգրեց կոշտ խաղաքականություն։ Ընդունեց օրենք արտակարգ դատարաններ կազմակերպելու մասին, սահմանվեցին խստագույն պատիժներ։
Կառավարությունը դիմեց հանրապետության քաղաքացիներին՝ իր շուրջը համախմբելու կոչով։
Ապստամբությունը սկսվեց Կարսում, սակայն այստեղ կառավարական ուժերը ապստամբներին ստիպեցին նահանջել Ալեքսանդրապոլ։ ՌՀԿ-ն մայիսի 10-ին Ալեքսանդրապոլում հրապարակեց կոչ՝ իշխանությունն իր ձեռքն անցնելու մասին։ Իշխանափոխությունը տեղի ունեցավ առանց արյուն թափելու, քանի որ տեղական իշխանությունները չդիմադրեցին։
Կառավարությունը Սեպուհի հրամանատարությամբ առանջին զորամաս ուղարկեց ապստամբների դեմ։ Մոտենալով Ալեքսանդրապոլին՝ Սեպուհը վերջնագիր ներկայացրեց ՌՀԿ-ին՝ առանց կռվի անձնատուր լինելու և զրահագնացքը հանձնելու մասին։ Մայիսի 13-ի երեկոյան վերջնագրի հարցը քննարկվեց Ռազմհեղկոմի նիստում։ Որոշվեց քաղաքն առանց դիմադրության հանձնել։ Առավոտյան Ալեքսանդրապոլում վերականգնվել էր ՀՀ օրինական իշխանությունը։ Ապստամբության ղեկավարների մի մասը դիմեց փախուստի, մյուսները ձերբակալվեցին։
1920 թ․ Մայիսյան ապստամբությունն ավարտվեց պարտությամբ։ Այն սկզբից ևեթ դատապարտված էր անհաջողության։ Հաղթանակի համար երկրում լուրջ նախադրյալներ չկային։ Իսկ Ռուսաստանն այդ պահին Հայաստանի խորհրդայնացման խնդիր չէր դրել։ Բացի այդ՝ ապստամբությունը տարբեր վայրերում միաժամանակ չսկսվեց։ Ավելին՝ մեծ մասամբ այն սկսվեց ապստամբության կենտրոնի պարտությունից հետո և ավարտվեց տարբեր ժամանակ։