Համո Սահյան

Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ.ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են  դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյանդալարբարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ: Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:

1972թ.  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ: Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:

1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:

Օրը մթնեց

Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:

Իջնում էին խոհուն, խոնարհ
Դեզերի ուսին
Մի կաթնահունց երկնակամար,
Մի ծերատ լուսին:

Մեկը մեկից ամաչելով,
Եվ զուսպ, և հավաք,
Նստում էին մերոնք կարգով-
Կրտսեր ու ավագ:

Նստում էին և սպասում
Մինչև պապը գար,
Մինչև բակում Ծաղիկ եզան
Զանգը ծլնգար:

Պապը գալիս, սուփրի գլխին
Նստում էր շուքով,
Եվ լցվում էր տունը դաշտի
Բույր ու շշուկով…

Ու երբ տատս ձեռքն էր առնում
Շերեփը իր հին,
Գդալները բնազդաբար
Աղմկում էին:

Թանապուրի տաք գոլորշին
Գերանին առնում
Եվ սյունն ի վար գլոր-գլոր
Ուլունք էր դառնում:

Վայելում էր տաք թանապուր,
Լավաշ ու սամիթ
Աշխարավոր մի գերդաստան՝
Պարզ ու միամիտ…

Հիմա այդ մեծ գերդաստանից
Ոչ մեկը չկա…
Ես եմ մնում լոկ իբրև հուշ
Եվ իբրև վկա:

Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:

Համո Սահյանը այս բանաստեղծությամբ կարծես թե  ընթերցողին տանում է անցյալ, տանում այնտեղ՝ պատմելու և արտահայտելու իր կարոտը այդ օրերի նկատմամբ: Պատմելու, թե ինչպես ամեն անգամ, երբ իջնում էր երեկոն, և ժամն էր գալիս ընթրիքի, երկնքում հայտնվում էր ծերատ լուսինը: Բոլորը զուսպ, հավաք, մեկը մեկից ամաչելով, նստում էին շուրջը սեղանի, ավագից մինչև կրտսեր, և սպասում պապի գալուստին: Իսկ երբ պապը գալիս էր,  շուրջը լցնում էր բույր ու շշկով: Հեղինակը հիշում էր, թե ինչպես էր տատը հին շերեփը վերցնում  ձեռքին և այդ ամենից  գդալները և շերեփները սկսում էին աղմկել: Աշխարավոր գերդաստանով վայելում էին լավաշ, տաք թանրապուր, սամիթ: Իսկ այժմ այդ գերադաստանից ոչ ոք չկա, և հեղինակն է մնացել միակ վկան ու հուշը: Եվ այս ամենը իմ մեջ ակամա առաջացնում է կարոտ, թախիծ:

Երբ սկզբում  կարդում ես առաջին քառատողը, չես հասկանում, թե ինչի մասին պետք է խոսի հեղինակը, չես պատկերացնում իր ապրումները: Իսկ վերջում, երբ կարդում ես, հասկանում ես այդ տողերի իմաստը, հասկանում ես բանաստեղծության իմաստը: Այդ քառատղում հեղնակը ասում է, որ իրիկնահացի ժամն է եկել, սակայն այս անգամ իր տխրությունը կամաց-կամաց փոխվում է լացի: Կարդալով Սահյանի բանաստեղծությունները՝ ես տեսնում եմ մակդիրների օվկիանոս: Հիմնականում նա օգտագործում է մակդիրներ, որոնք շատ տեղին են:

Leave a comment