Մուշեղ Գալշոյան

Մուշեղ Գալշոյանը ծնվել է 1933թ. դեկտեմբերի 13-ին, Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջին րոպեները անսասան մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, ովքեր Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։

Սովորել է Երևանի Գյուղատնտեսական Ինստիտուտում, սկզբում աշխատել է իր մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ «Ավանգարդ» թերթում և «Գարուն» ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրեց իր առաջին վիպակը՝ «Ձորի Միրոն», որը նրան բերեց հասուն գրողի համարում։ Գալշոյանը լավ պատմող էր, հետպատերազմյան հայ արձակի լավագույն պատմողներից մեկը։ Սուր դիտողականությամբ, չափի նուրբ զգացումով, նա պատմում էր իր հերոսների մասին, առանց պաթոսի, առանց մանրամասն նկարագրությունների, բայց ստեղծում էր գունեղ, տեսանելի կերպարներ։

Հիշատակված պատմվածքները մտնում են «Մարութա սարի ամպերը» շարքի մեջ, որը Գալշոյանի լավագույն գործը եղավ։ Եվ դրանց մեջ լավագույններից մեկը, թերևս լավագույնը, «Դավոն» պատմվածքն է։ Դավոն ևս սասունցի փախստական է։ Եղել է զորավար Անդրանիկի բանակում, նրա լավագույն զինվորներից մեկը։ Բայց երբեմն չի հնազանդվել նաև Զորավարին։ Ու մի անգամ Անդրանիկը նրան նույնիսկ մահվան է դատապարտել, բայց Դավոն մնացել է նույն համառ, իր սկզբունքներին հավատարիմ սասունցին։ Ու մեռնելու պահին նա հիշում է իր ամբողջ կյանքը, իր ընկերներին, և շարունակում է իր վեճը աշխարհի ու մարդկանց հետ։Այս պատմվածքում Գալշոյանի խոսքը ճշգրիտ է, բայց հագեցած ներքին քնարականությամբ, հուզականությամբ։ Պատմվածքին յուրահատուկ գրավչություն է տալիս սասունցիների բարբառը, որ Գալշոյանը հրաշալի գիտեր և վարպետորեն վերստեղծում է այս պատմվածքում։

Մուշեղ Գալշոյանը մահացել է 1980 թվականին, Կաթնաղբյուր գյուղում, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։ Այդ կրակոցը շատ նման էր այն կրակոցին, որից սպանվեց իր հերոսներից մեկը՝ հովիվ Առաքելը։ Ինչպես Առաքելին, այնպես էլ Գալշոյանին հանգիստ չէր տալիս ֆիդայիների՝ իր այնքան սիրած ազատամարտիկների հիշատակը, և հրացանի այդ պատահական կրակոցների մեջ անպայման կյանքն ինքը խորհրդանշական իմաստ է դնում՝ ընդգծելով Գալշոյանի ու հերոսի հավատարմությունը, կապը ֆիդայական ավանդներին։ Նա մի օր դուրս է գալիս որսի, նստում է հանգստանալու, զենքը դնում է գետնին և հանկարծ հիշում է, որ ֆիդայիները զենքը չեն դնում գետնին, ու նա զենքը ուզում է վերցնի, դնի ծնկներին և ձգանը դեմ է առնում քարին, ուժեղ քաշում է հրացանը և փամփուշտը մխրճվում է Մուշեղի մարմինը։

Leave a comment