Կետադրություն

Կետադրի՛ր առակը․

-Ո՞ւր ես գնում,- հարցրեց ճամփորդը՝ հանդիպելով ժանտախտին։
-Գնում եմ Բաղդադ Այնտեղ պիտի կոտորեմ հինգ հազար մարդու։
Մի քանի օր անց, ճամփորդը նորից հանդիպեց ժանտախտին։
-Դու ասացիր, թե կոտորելու ես հինգ հազար մարդու, բայց սպանեցիր հիսուն հազարի,-կշտամբեց նա։
-Ո’չ,-առարկեց ժանտախտը,-ես սպանեցի միայն հինգ հազարին, մնացածները մեռան վախից։

Ստորակետ

Ստորակետը դրվում է նախադասության կամ կապակցության  համազոր անդամները տրոհելու, միմյանցից առանձնացնելու համար: Այն նաև դրվում է ինչ-որ շարահյուսական կառույց փակելու համար /դերբայական դարձված, հետադաս որոշիչ և այլն:
Ուրեմն` ստորակետի համար հիշենք այս երկու կարևոր գործառույթները`
ա. տրոհող,
բ. կառույցներ փակող:

Եթե ցանկանում եք իմանալ, թե  ո՛րն է տարբերությունը բացահայտիչ-բացահայտյալ  և որոշիչ-որոշյալ կառույցների միջև,  ուրեմն իմացեք, որ բացահայտիչը հավասար է բացահայտյալին, իսկ որոշիչը լրացնում է որոշյալին:
Արամը` մեր դասարանի գերազանցիկը, օրինակելի վարք ունի:
Արամ=մեր դասարանի գերազանցիկ, հետևաբար` բացահայտիչ-բացահայտյալ:
Ձեռագիր մատյանները` մեր ազգի հպարտ վկաները, հիմնականում պահվում են Մատենադարանում:
Ձեռագիր մատյաններ=մեր ազգի հպարտ վկաները , հետևաբար` բացահայտիչ-բացահայտյալ:
Սերը` պոետների ոգեշնչման հիմնական աղբյուրը, շատ է երգվել:
Սեր=պոետների ոգեշնչման հիմնական աղբյուր, հետևաբար` բացահայտիչ-բացահայտյալ:
Բայց`
Սեղանին դրված գիրքը հետո կվերցնեմ:
Ո՞ր  գիրքը-սեղանին դրված, հետևաբար` որոշիչ-որոշյալ:
Մայրական սերն անսահման է:
Ո՞ր սերը-մայրական, հետևաբար` որոշիչ-որոշյալ:
Կարող եք նկատել, որ հետադաս ծավալուն որոշիչն ու բացահայտիչ-բացահայտյալ  կառույցը նույն կերպ են կետադրվում` բութ-ստորակետ, սակայն դրանք, փաստորեն, տարբեր բաներ են:

Ստորակետը դրվում է՝

1. Անշաղկապ բարդ համադասական նախադասության բաղադրիչ նախադասությունների միջև.
օրինակ՝
ա) Նրա դեմքի գծերը կանոնավոր էին ու նուրբ, աչքերն ունեին ինչ-որ մելամաղձիկ արտահայտություն: (Շիրվանզադե)
Ծանոթություն: Անշաղկապ բարդ համադասական նախադասության բաղադրիչ նախադասությունները միմյանցից կարող են տրոհվել նաև միջակետով):
2. Համադասական բայց, սակայն, իսկ, այլ, մինչդեռ, այնինչ, ապա, նաև, այլև, բայց և այնպես, և սակայն, այլ ոչ թե և այլ շաղկապներով կապակցված բարդ համադասական նախադասության բաղադրիչ նախադասությունների միջև.
օրինակ՝
ա) Վասակյանք նրան շտապեցնում էին, իսկ Վարդանը և չեզոքները կաշկանդում էին գործի անցնել: (Դ. Դեմիրճյան)
Ծանոթություն: Եվ, ու, կամ, ինչպես նաև՝  և կամ, և սակայն, և ոչ թե շաղկապներով կապակցված և ընդհանուր ենթակա ունեցող համադաս նախադասությունները միմյանցից ստորակետով չեն տրոհվում:
Օրինակ՝
ա) Արևը արդեն բավական ճանապարհ է   կտրել և   գնում է դեպի այն սառը ամպը: (Ա.Բակունց)
3. Եվ, ու, կամ շաղկապներով կապակցված և տարբեր ենթականեր ունեցող բարդ համադասական նախադասության բաղադրիչ նախադասությունների միջև.
օրինակ՝
ա) Նրա հոգին սառույց-սառնամանիք է, և արևը չի հալում նրան: (Ավ. Իսահակյան)
բ) Ծաղկանոցով անցավ աղջիկն առավոտյան, Ու ծաղիկներն ամեն ելան քնից… (Գ. Աարյան)
4. Նախադասության համազոր, համադաս անդամների միջև, երբ դրանք կապակցված չեն և, ու, կամ շաղկապներով (որպես համադաս անդամներ՝ հանդես են գալիս ենթակաները, ստորոգյալները, գոյականական և բայական անդամի լրացումները, այդ թվում նաև բազմակի դերբայական դարձվածները).
օրինակ՝
ա) Նրա հետևից գալիս էին խոջաները, հարյուրապետները, հոգևոր դասը: (Ս. Խանզադյան)
բ) …Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում: (Ե. Չարենց)

Ծանոթություն 1
Ի տարբերություն բազմակի համազոր որոշիչների՝ հանդիպում են այնպիսի որոշիչներ, որոնք տարբեր կողմերից բնութագրում են որոշյալը: Այդպիսի որոշիչները կոչվում են անհամասեռ որոշիչներ: Սրանք սովորաբար իրարից ստորակետով չեն տրոհվում: Անհամասեռ որոշիչները կարող են արտահայտվել՝
ա) որակական և հարաբերական ածականներով.
օրինակ՝
Պրպտեցի  շքապահարանի  գզրոցներում,  կարի  մեքենայի մեջ և հանկարծ հիշեցի նախշուն երկփեղկանի  սնդուկը: (Ըստ մամուլի)
բ) հարաբերական և որակական ածականներով.
օրինակ՝
Ահա փոքր-ինչ հեռու երևում են մարդկային սարսռազդեցիկ ուրվականներ, կարծես քարացած հսկաների արձաններ լինեն:
(Րաֆֆի)
գ) երկու որակական ածականներով.
օրինակ՝
Ազատ գետի փրփրուն արծաթազօծ   ալիքները տեղ-տեղ փայլփլում էին: (Մուրացան)
դ) երկու հարաբերական ածականներով.
օրինակ՝
Որձաքարի ստվերում մուշ-մուշ նիրհում էր իննսունիննամյա զառամյալ մի ծերունի… (Ա.Բակունց)
Ածականով արտահայտված անհամասեռ որոշիչները իրարից չտրոհելը, սակայն, խիստ պայմանական է: Դրանում որոշակի դեր են կատարում թե՛ կառույցի ընկալումը և թե՛ հատուկ շեշտադրումն ու անհատական-հոգեբանական գործոնները: Այդպիսի որոշիչները միմյանցից կարող են տրոհվել նաև ստորակետով և արտահայտվել՝
ա) երկու որակական ածականներով.
օրինակ՝
Թավուտ անտառի թանձր, հուռթի կանաչի միջից ուրվագծվում էին չոր   ծառեր: (Ա.Բակունց)
բ) Հարաբերական և որակական ածականներով.
օրինակ՝
Հանկարծ հարևան սենյակից նախ ինչ-որ հուզված քչփչոցի կցկտուր ձայներ լսվեցին, հետո կանացի մի ջղային, աղեխարշ ծղրտոց: (Նար-Դոս)

Ծանոթություն 2․
Բառարանագիտական աշխատություններում բառահոդվածին հաջորդող բացատրության մեջ ներքին բազմակի տրոհումներն արտահայտվում են բութով:
Օրինակ՝
ա) ԱՄԲԱՐՏԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ գ.1.Ամբարտավան լինելը: 2.Ամբարտավանի արարք՝ վերաբերմունք՝ վարքագիծ:
բ) ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, գ. Ապաքաղաքական բնույթ էություն՝ վարքագիծ:
5. Ստորադասական շաղկապներով և հարաբերական դերանուններով կապակցված գերադաս և ստորադաս նախադասությունների միջև.
օրինակ՝
ա) Եթե ուզում ենք հարազատ հայրենիք, պետք է այն ստեղծել մեր սեփական ձեռքերով: (Ն. Զարյան)

6. Միջարկումների և նախադասության հիմնական մասի միջև.
7. Կոչականի և նախադասության հիմնական մասի միջև.
8. Կրկնադիր և՛…և՛, թե՛…թե՛,  և այլ  շաղկապներով   և   կրկնադիր  շաղկապական բառերով՝    մեկ…մեկ,    մերթ…մերթ,    կապակցված   բառերի, նախադասությունների միջև.
9. Միջադաս տրոհված դերբայական դարձվածից առաջ և հետո.
10. Ի, ըստ, հանդերձ, համաձայն, հակառակ, համապատասխան, համեմատ, փոխանակ, փոխարեն, շնորհիվ, ի հեճուկս, չնայելով, չնայած և այլ կապերով ձևավորված հիմունքի և զիջման միջադաս պարագաներից առաջ և հետո.
11. Բուն, մասնական և մասնավորող (պարագայական) բացահայտիչներից հետո՝ հաջորդող անդամից անջատելու համար,ինչպես նաև բացահայտչին նախորդող մեկնական «այն է», «այսինքն» բառերից առաջ:
12. Տրոհված հետադաս որոշչից հետո.
13.   Մատենագիտական աղբյուրի հաջորդական տվյալների միջև.
14.   Հետադաս դերբայական դարձվածից հետո, երբ նրան հաջորդում է շաղկապով կամ առանց շաղկապի (հարաբերականի) միավորված նախադասություն.
15.Համեմատության ինչպես, ասես, ոնց որ, որպես և այլ կապերով ձևավորված բայական լրացումների և նախադասության այլ անդամների միջև

Բութի կետադրությունը

Բութը դրվում է`
1.   Բացահայտյալի վրա` բացահայտչից տրոհելու համար.
Գալիս էր  նշանավոր մարդը` Անդրանիկը:
2.   Նախադաս և հետադաս տրոհված դերբայական դարձվածների և նախադասության հիմնական մասի միջև. Խմբի ավագ դառնալով` նոր խստություններ էր բանեցնում։
3.   Հետադաս բազմակի կամ ծավալուն որոշչից առաջ.
Մի ճերմակ ամպ` թափանցիկ ու անձև, հանդարտ լողում էր լազուրի մեջ  (Ա. Բակունց):
4.   Տրոհվող հետադաս հատկացուցիչներից առաջ.
Վերջապես կան և կարոտի հնչյուններ` վերադարձի և վերջին հույսի (Ա. Բակունց):
5.   Ի, ըստ, հանդերձ, համաձայն, հակառակ, համապատասխան, համեմատ, փոխանակ, փոխարեն, շնորհիվ, ի հեճուկս, չնայելով, չնայած և այլ կապերով ձևավորված հիմունքի և զիջման նախադաս ու հետադաս պարագաների և նախադասության մյուս անդամների միջև.
Իրենց ամենօրյա սովորության համաձայն` վայր են իջնում (Րաֆֆի):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Համեմատեք 5-րդ կետը ստորակետի նմանատիպ կետի հետ: Ստորակետ դրվում է սույնի ՄԻՋԱԴԱՍ ԴԵՊՔԵՐՈՒՄ /Նրանք, իրենց ամենօրյա սովորության համաձայն, վայր են իջնում/:
6.   Անորոշ առումով թվարկված հետադաս բազմակի ենթականերից առաջ.
Իմ սիրած բանաստեղծներն են` Չարենց, Տերյան, Սևակ։
բ) Նրա ստեղծագործության հիմնական թեմաներն են` սեր, հայրենիք, բնություն։
7.   Այն բառակապակցության կամ նախադասության վերջին բառի վրա, որին հաջորդում են թվարկվող (սովորաբար` համարակալված) միավորներ (բառակապակցությանը հաջորդում են թվարկվող նախադասություններ, նախադասությանը թվարկվող բառակապակցություններ).
Խոյ բարեգործական միության համագումարը`
1. որոշումէմիությանգործունեությանհիմնականուղղություններնուսկզբունքները.
2. 
հաստատումէընկերությանծրագիրնուկանոնադրությունը.
3. 
ընտրումէմիությաննախագահևվերստուգիչհանձնաժողով։8.   Նախադասության մեջ իրար հետ չկապվող, բայց իրար հաջորդող  բառերից առաջինի վրա` իմաստային շփոթը կանխելու համար:
Սեղանի` հորս վերանորոգած ոտքը կոտրվեց:
9.   Թվարկում արտահայտող նախ, ապա, հետո, մի կողմից, մյուս կողմից, առաջին, երկրորդ, երրորդ և այլ բառերի ու բառակապակցությունների վրա.
Այդ բանի համար մենք չափազանց ուրախանում էինք, նախ` մի քանի օր բացակա էր լինում տնից և երկրորդ` գալուց հետո էլ անսահման բարի էր լինում (Վ. Թոթովենց):
10.   Մեկնական և ընդհանրացնող այսինքն, այն է, ուրեմն, օրինակ, այսպես, և այսպես, այսպես ուրեմն, այսպիսով, որոնք են, ավելի ճիշտ, այսպես ասած, ինչպես ասում են և այլ բառերի ու բառակապակցությունների վրա.
Հիմա կանգնել է նրան դեմուդեմ։ Ուրեմն` պետք է զարկել նրան` ամեն տեղ, ամեն ձևով, ամեն միջոցներով (Ավ. Իսահակյան):
11.   Նախադասության մեջ զեղչված ստորոգյալի, օժանդակ բայի կամ շաղկապի (հարաբերականի) փոխարեն.
Ծաղկափոշու մեջ թաթախված բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը` ծիրանագույն բուրաստան (Ա. Բակունց):
Այստեղ զեղչվել է «թվում է» ստորոգյալը:
Մեր նախրում Իսանանք ինը կով ունեն, իսկ մենք` մի կով (Ա. Բակունց):
Այստեղ զեղչվել է «ունենք» ստորոգյալը:
12.   Հետադաս հակիրճ (մեկ-՚երկու բառով արտահայտված), երբեմն էլ ծավալուն, առանց չակերտների գրվող ուղղակի խոսքից առաջ` հեղինակային խոսքից անջատելու համար.
Սիրտս կարոտով կանչում է քեզ` եկ  (Վ. Տերյան):
Իսկ քիչ հետո Բարսեղը, որ շատախոսությամբ երբեք աչքի չէր ընկել, բլբուլ կտրած ասում էր` լավ չես արել (Ա. Սահինյան):
Արմենն ասաց` ես, Վարդանն  էլ թե` ես:
13.   Առանց, բացի, զատ, չհաշված կապերով ձևավորված բայական նախադաս և հետադաս տրոհվող լրացումների և նախադասության այլ անդամների միջև.
Առանց այդ պատմական փաստի էլ` Մաշտոցի երաժիշտ լինելը վեր է ամեն մի տարակուսանքից (Պ. Սևակ):
Հյուրերն սկսեցին ցրվել` բացի Միքայելի ընկերներից ու բարեկամներից (Շիրվանզադե):
Սա  մոտավորապես նույնն է, ինչ 5-րդ կետը:
14.   Վերնագրային և անկախ գործածություն ունեցող արտահայ¬ություններում` զեղչված բառի փոխարեն.Երիտասարդությանը` կանաչ ճանապարհ
Դպրոցական բարեփոխումները` գործողության մեջ
Լեզուն և հավատը` ազգի գոյապահպանման հիմք
15.   Կապակցված խոսքից դուրս գործածվող տեղեկատու արտահայություններում` տեղեկություն պահանջող բառի կամ բառակապակցության վրա.
Մարզահամալիրի տնօրեն` Ա. Խաչատրյան
Գլխավոր խմբագիր` Ա. Ադամյան
Լուսանկարում` 10-րդ դասարանի շրջանավարտները
Արհկոմի նախագահ` Ա. Ավետիսյան
Սկիզբը` ժամը 18-ին
Հասցեն` քաղաք Էջմիածին
Տառատեսակը` Աովորական
Գինը` 800դրամ
16.   Մի շարք հետադաս խնդիրներից և պարագաներից առաջ (սովորաբար դրանք անմիջապես չեն հաջորդում ստորոգյալին).
Մերուժան Արծրունին հանդիսավոր երդվել էր Շապուհի առաջ` վերացնել Հայոց աշխարհից նրան և իրեն ատելի Արշավանիների թագավորությունը… (Ատ. Զորյան):
Դադարել էին խոսելուց` անցած օրվա գործերի և վաղվա անելիքների մասին։ (Ավ. Իսահակյան):

Կետադրե՛ք բութի կետադրության առաջին հինգ կետերին վերաբերող հետևյալ մի քանի նախադասությունները.

1. Ես սիրում էի նրան՝ այդ ավազակապետի աղջկան:
2. Նա՝ այդ մուրացկանը, իմ հետևից երկար ժամանակ դեռ նայում էր:
3. Համաձայն Սուրբ Գրքի՝ սպանությունն արգելված է:
4. Ես սիրում եմ անձրևը՝ մելամաղձոտ ու տխուր:
5.  Հյուրերը՝ Աշտարակից եկած, շտապում էին:
6. Գիրքը՝ դասախոսական սեղանին դրված, փոքր-ինչ մաշված էր:
7. Այսպես երգելով՝ Արամն առաջ էր գնում:
8. Գեղեցիկ է այգին, այգին՝ անձրևոտ աշնան ու վառ գարնան:

ՓԱԿԱԳԾԵՐ

Փակագծերով անջատվում են.
1.   Ներդրյալ բառերն ու բառակապակցությունները.օրինակ՝
ա) Սկսում են է՛լ ավելի մեծ թափով, ճիչ ու ծղրտոցով (կանայք, իհարկե) վայ տալ իրենց թանկագին կորուստը։ (Նար-Դոս)
2.   Ներդրյալ նախադասությունները.օրինակ
ա) Եվ որովհետև այղ օրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանղ է), Ավին գերաղաս համարեց մի շալակ ցախ տանել տուն։ (Ա. Բակունց)
3.   Որպես նմուշ, լուսաբանում բերվող նշանները, բառերը, արտահայտությու նները.օրինակ՝
ա) Հարցական նշանը (՞) դրվում է հարցում արտահայտող բառի վերջին վանկի ձայնավորի վրա։
բ) Ըստ շրթունքների դիրքի հայերենի ձայնավորները լինում են շրթնայնացված (օ, ու) և շրթնաբացվածքային (ա, է, ի, ը)։
4.   Որպես տարբերակներ նշվող վերջավորությունները, բառերը.օրինակ`
ա) Ք-ով հոգնակի կարող են կազմել -ՑԻ (–ԱՏԻ, -ԵՑԻ) ածանցն ունեցող  բառերը։ (Դասագիրք)
բ) Ս, Դ, Ն (Ը) հոդերը, դրվելով գոյականի վրա, ցույց են տալիս, թե ում է պատկանում առարկան` արտահայտելով իմ, քո, նրա (իր) անձնական դերանունների իմաստը, ինչպես շորս (իմ շորը), շորդ (քո շորը), շորը (նրա // իր շորը)… (Դասագիրք)
5.   Որպես բացատրություն կամ այլ լեզվից թարգմանություն ներկայացվող բառերը, բառակապակցությունները.օրինակ
ա) Մի փնջակ կրճոն (ձիու կերածից ավելորդ թափված անպետք խոտ), մի բուռ դարման էին տալիս։ (Պ. Պռոշյան)
բ) Այդ օձը ոսկե պուպուշ (կատար) է ունեցել։ (Գ. Մահարի)
6.   Շարադրանքի մեջ տրոհվող պարզաբանումները, հղումներն ու մատենագիտական տվյալները, այլև շարադրանքից հետո տրվող հեղինակային աղբյուրը.օրինակ`
ա) Բժիշկն ինքն էլ սկսում է ականջ դնել երիտասարդի հայաշունչ… բանաստեղծություններին», վայել… նրա« կերպարվեստի ազգային նորագույն (ընդգծումը իմն է — Ս.Կ.) ոգուն՝ իբրև առկայծումը հայ տաղանդի զարթոնքի։
(Ա. Կապուտիկյան)
7.   Տեղանուններ, տարեթվեր, անունների և ազգանունների տարբերակներ նշող բառերը.օրինակ`
ա) էջմիածինը (Վաղարշապատը) հայոց  հոգևոր կենտրոնն է։
բ) Գյումրին (այլ ժամանակներում Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական) նշանավոր է իր ազգային ավանդույթներով, ուրույն ճարտարապետությամբ։
8.   Դրամատիկական երկերում հեղինակային նշագրումները (ռեմարկները).օրինակ՝
ա) ՄԱՐԳԱՐԻՏ.– (Վազում է դեպի Թերեզան, համբուրվում են)-Բարև…ախ՜, ինչ լավ արիր, որ Եկար։ (Վրթ. Փափագյան)
բ) ՌՈԶԱԼԻԱ.֊ (Ծաղրաբար, ատելությամբ ու նախանձով)-Ինչ քաջն ես, իսկ և իսկ հերոսուհի։ (Շիրվանգադե)
9.   Մեկնողական նշանակությամբ այլևայլ բառեր, բառակա¬պակցություններ.օրինակ
ա) Նորից գարուն է (փոխադրության)
բ) Անտառում (ստուգողական թելադրություն)

Բացահայտության նշաններ

Բացահայտության նշանների անվանումը հենց  ցույց է տալիս, որ սրանք ինչ-որ մի բան են բացահայտում` մի  ենթատեքստ, պարունակություն, որն արտաքինից չի երևում, սակայն անհրաժեշտ է`  նախադասության (կամ` ինչպես Մանուկ Աբեղյանն էր ասում` խոսքի)  ողջ իմաստը բացահայտելու,  երևան հանելու համար:
Բացահայտության  և ընդհանրապես, կետադրության  նշանների դասակարգման  հետ կապված  որոշ տարաձայնություններ եղել են լեզվաբանների շրջանում (Աբեղյան, Սուքիասյան, Աբրահամյան ևն), սակայն  առավել ընդունված տեսակետին հետևելով` փաստենք, որ դրանք հետևյալներն են`
Չակերտներ, Միության գծիկ, Անջատման գծիկ, Կախման կետեր, Բազակետեր, Ապաթարց
Ա. Չակերտների  մեջ են առնվում`
1. Մեջբերող ուղղակի խոսքը.
Օր.` Չարենցը գրել է. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:
2. Ստեղծագործությունների, երկերի,  թերթերի, հոդվածների և նմանատիպ այլ  նյութերի վերնագրերը, խորագրերը.
Օր.`
Տերյանը գրել է «Մթնշաղի անուրջներ» բանաստեղծությունների շարքը:
«Նորություններ» թերթը մեծ պահանջարկ ունի:
3. Հիմնարկների, կազմակերպությունների,  շքանշանների, պատվո  նշանների,  սարքավորումների, մեքենաների,  ապրանքանշանների անունները.
Օր.` «Աշտարակ-Կաթ» ընկերություն,  «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ»  պատվո շքանշան:
4. Հեղինակի խոսքի հետ միաձուլված, բաց այլ աղբյուրից  վերցված  տառը, բառը,  կապակցությունը կամ   ավելի ծավալուն  խոսքերը.
Օր.`
Արամի ասած  «մենք»-ը  հավասար է  «ես»-ի: 
Մենք հաճախ ասում ենք «Տեր Աստված»` առանց  հավատալու Աստծուն:
5. Հեգնական, փոխաբերական իմաստով գործածված բառերը, բառակապակցությունները.
Օր.`
Արսենի շրջահայաց դատողության  շնորհիվ  այդ «իմաստունները»  բացահայտվեցին:
Այդ  միջոցառման  «մեղավորը»  սարկավագն էր:
6. Բառերի  բացատրությունները, օտար բառերի  բացատրությունները.
Օր.
Նորաբան  բառերից է  «օսկարակիր»  («ամերիկյան «Օսկար» մրցանակին արժանացած»)  բառը։

Կետադրի՛ր նախադասությունները

1. Արսենը՝ այդ երիտասարդը, մանուկ հասակից մայրական խնամք չէր տեսել։
2. Ճնշում.Ճնշման միավորները։
3. Նա հևում էր.ախր շատ էր  վազել։
4. Նա ամենը չասաց ժողովում.  անչափ  հուզված էր  թագավորի հրովարտակից։
5. Մայրն ասաց. -Գնա՛  որդիս, և շո՛ւտ վերադարձիր:
6.  Գիրք կարդալով՝ դու գրքերում, շատ նորանոր բան կիմանաս․Շատ շատերից, շատ բաներում, մտքով հեռու կսլանաս։
7. Եկա, տեսա, հաղթեցի։
8. Սիրելի’ս, գնա’  տուն։
9. Համաձայն օրենքի  դուք  պետք է պարգևատրվեք։
10. Դուք  համաձայն օրենքի  պետք է պարգևատրվեք։ /սա հիմունքի պարագայով  է.  ձևի պարագայի դեպքում ոչինչ չի դրվում /
11. Արամը՝ մեր դասարանի գերազանցիկը, պարգևատրվեց։
12. Փառանձեմի  կնոջ՝ ամենամտերիմ  քրոջ դժբախտությունը ցնցել էր ամենքին։  /սա  դժվար է. մտքի  շփոթից  խուսափելու համար ի՞նչ անենք…./
13. Գոհա՜ր, ես եմ, բա՛ց արա։
14. Մարդ եմ փնտրում, մարդ՝ ուրախ, երջանիկ,  չդժգոհող….
15. Ես սիրով ընդունեցի առաջարկը՝ ուսուցիչ լինել  այդ հեռավոր գյուղում։
16. Դու՝ ինքդ շատ լավ գիտես։
17. Գլուխը փեշի տակ՝ գնում էր օտարության։
18. Սիամանթոն (Ատոմ Յարճանյան) և Մեծարենցը (Միսաք Մեծատուրյան) արևմտահայ պոեզիայի հսկաներից են։

Leave a comment