Ծնվել է 1924 թվականի Հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրը իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկի փոքր տարիքում մահի արդյունքում նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմությունը տեսնելով` ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։ 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները` Պարույր Սևակ ստորագրությամբ։ 1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և դասախոսում է կյանքի հետագա չորս տարիների ընթացքում: 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Սևակը զոհվել է 1971 թվականի հունիսի 17-ին` ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։
Վարք Մեծաց
Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած.
Ծնվում են նրանք ճի՛շտ ժամանակին:
Եվ ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց:
Անտոհմ չեն նրանք կամ անհայրենիք.
Հասարակ հորից ու մորից ծնված՝
Սերում են նրանք և ա՛յն վայրենուց,
Որ էլ չէ՜ր կարող ապրել քարայրում:
Սերում են նրանք և ա՛յն ծերուկից,
Որ նախընտրում էր քնել տակառում:
Սերում են նրանք և ա՛յն պատանուց,
Որ սիրահարվեց իր իսկ պատկերին:
Սերում են նրանք բոլո՜ր նրանցից,
Որ սատանային հոգին են ծախում,
Միայն թե անե՛ն մտածածն իրենց,
Ի՜նչ փույթ, թե սատկեն ժամանակից շուտ:
Անվտանգ՝ ինչպես հրդեհն արևի,
Անվնաս՝ ինչպես օգտակար լորտուն,
Վախ են ներշնչում պետություններին
Մինչև իսկ իրենց կամքի հակառակ:
Արքաների հետ խոսում են «դու»-ով,
Եթե, իհարկե, լսում են նրանց,
Իսկ թե չեն լսում՝ մե՜կ է, չե՛ն լռի,
Կխոսեն նույնիսկ իրենց կոշկի՛ հետ:
Ով սահմանում է նոր օրենք ու կարգ՝
Հայտարարվում է և օրենքից դուրս:
Բայց չե՜ն վախենում նրանք չար մահից.
Ապրում են դժվար ու մեռնում են հեշտ…
Կարծում եմ, Սևակի «Վարք Մեծացը» այն մարդկանց մասին, ովքեր հանուն իրենց կարծիքի, մտածածի պատրաստ են հակառակվել բոլորին և բոլորից առաջ ընկնել։ Պատրաստ են անգամ օրենքներ փոխել և նորերը սահմանել։ Սևակը ճիշտ է ասել, որ նման մարդիկ ուշ-ուշ են ծնվում, բայց ժամանակին են ծնվում։ Իրոք դա այդպես է։ Այդպիսի մարդկանց տեսակը հազվադեպ է։ Պարտադիր չէ լինել պաշտոնյա, որպիսի քո կարծիքը բարձրաձայնես, այլ Սևակն ասում է, որ սովորական ընտանիքում հասարակ մորից և հորից ծնվածն էլ կարող է նման բան անել։ Սակայն Սևակը մի ուրիշ բան էլ է ասել, որի հետ ես նույնպես համաձայն եմ։ Նա ասել է․ Եվ ժամանակից առաջ են ընկնում, դրա համար էլ չեն ներում նրանց։ Սևակը շատ ճիշտ է ասել, և ես լիովին համաձայն եմ այս տողերի ասելիքին։ Իրոք, կան մարդիկ, ովքեր ամեն ինչում առաջ են ընկնում։ Փորձում են շատ արագ իրենց դիրքը դնել, իրենց կանոնները թելադրել։ Անում են այնպիսի բաներ, որոնց համար սկզբում չեն զղջում, բայց անցնում է որոշ ժամանակ և նոր են հասկանում, որ պետք չէր նման բան անել և ժամանակից առաջ ընկնել։ Նրանց նաև հասարկությունը չի ներում և քննադատում է։ Բանաստեղծության ասելիքը շատ մեծ էր և խորը իմաստ էր կրում իր մեջ, և ամեն մարդ չէ, որ կարող է հասկանալ իմաստը։
Դիոգենեսի մասին
Դիոգենես Սինոպացին, հին հույն փիլիսոփա, կինիկյան փիլիսոփայական դպրոցի կարկառուն ներկայացուցիչ էր, Անտիսթենեսի աշակերտը։ Ըստ անտիկ հեղինակների կիսաառասպելական տեղեկությունների՝ իր հայրենի Սինոպ քաղաքում երիտասարդ հասակում իր հոր հետ զբաղվել է դրամ կեղծելով։ Դիոգենեսը եղել է փայլուն հռետոր։ Ասում են, որ Էգինացի Օնեսիկրիտեսը ուղարկել է Աթենք իր որդուն՝ Անդրոսթենեսին, որը սկսեց լսել Դիոգենեսին և էլ չվերադարձավ։ Հայրը ուղարկեց երկրորդ որդուն՝ Թիլիսկոսին, որը նույնպես չվերադարձավ։ Հայրն էլ ստիպված հետևեց որդիներին։ Դիոգենեսը ապրել է իննսուն տարի, մահացել է Ալեքսանդր Մակեդոնացու հետ նույն օրը։
Նարցիսի մասին
Նարցիսը հին հունական դիցաբանության մեջ գետերի աստված Կեֆիսի և նիմֆ Լիրիոպայի որդին կամ Էնդիմիոնի և Սելենեի որդին էր։ Որսի ժամանակ Նարցիսը գետում նկատում է իր արտացոլանքը և սիրահարվում իր իսկ պատկերին: Չկարողանալով նրանից բաժանվել` պատանին մահանում է քաղցից (կամ տառապանքից): Երբ գալիս են նրա մարմինը տանելու, այն տեղում չի լինում. դրա փոխարեն աճել էր նարգիզ ծաղիկ, իսկ նայադները սգում էին Նարցիսի մահը: Նարկիսոս անունը բացասական նշանակություն է ձեռք բերել` խորհրդանշելով ինքնասիրահարվածությունն ու հպարտությունը։
Ֆաուստի մասին
Ֆաուստը գերմանացի գրող Գյոթեի համանուն ողբերգության պրոտագոնիստը, համաշխարհային գրականության հավերժական կերպարներից է։ Ֆաուստի կերպարը չբավարարվող, խռովահույզ, «բուռն հանճար» է, որի մեջ նստած է գործունեության ոգին: Նա իր ողջ կյանքը նվիրել է գիտությանը, արդյունքում՝ նրա լայն գիտելիքների համբավը տարածվել է աշխարհով մեկ: Ֆաուստն ուզում է վերափոխել աշխարհը, իմանալ տիեզերքի օրենքները, գտնել դրանք փոխելու ճանապարհը, քանի որ ողորմելի աշխարհը նա համարում էր արհամարհանքի արժանի իրականություն: Ֆաուստին չեն հրապուրում ո՛չ ոսկին, ո՛չ փառքը, ո՛չ երկրային վայելքները։