Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացի (մոտ 951-1003), հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նա սրբացվել է:

Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդայնություն է վայելում «Մատյան ողբերգության» («Մատեան ողբերգութեան», ժողովրդի մեջ տարածում է ստացել երկի՝ «Նարեկ» անվանումը) չափածո աղոթքների ժողովածուն։ 2015 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է Կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում։

Կենսագրություն

Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի ստեղծագործություններում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։

Հայտնի է, որ Գրիգոր Նարեկացին ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառում, Վանա լճի հարավային ափերին գտնվող Նարեկ գյուղում 951 թվականին։ Նարեկացին Անձևացյաց գավառի Խոսրով Անձևացի եպիսկոպոսի որդին էր։

Մանուկ հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որտեղ էլ եղբոր հետ կրթվում և դաստիարակվում է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկի՝ Անանիա Նարեկացու մոտ, որը նաև Գրիգորի մոր հորեղբայրն էր։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնափիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։

Ուսումը ստանալուց հետո Գրիգորը նույն Նարեկա վանքում դարձել է վանական, ստացել վարդապետի աստիճան և զբաղվել մանկավարժությամբ ու գրական աշխատանքներով: Այդ ժամանակ էլ ստանում է Նարեկացի անունը։ Իր հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s