Հոոկտեմբերի 10-13 գնում ենք Արցախ։ Մի փոքր պատմություն Դադիվանքի մասին։
Դադիվանք, հայկական առաքելական միջնադարյան վանական համալիր Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին։ Պատմականորեն եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը։ Կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի (բլրակի) վրա։
Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։ Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում՝ 2007 թվականի հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները։ Գտնվել է նաև մեկ այլ դամբարան, որը հայկական քրիստոնեական ավանդույթներին բնորոշ չէ. այնտեղ թաղված մարդը նստած է աթոռին, վերջինս այժմ Ստեփանակերտի թանգարանում է։ 9-րդ դարում կառուցվել են վանական համալիրի առաջին կառույցները՝ ի դեմս սուրբ Դադիի միանավ վանքի։ 1145 թվականին համալիրն ավերել են սելջուկները, սակայն 1170 թվականին այն վերանորոգվել է:
Դադիվանքի լեռները
12-րդ դարում Մխիթար Գոշը միառժամանակ այստեղ է բնակվել, և աշխատել է իր «Դատաստանագրքի» վրա։ Վանական համալիրում եղել են տարբեր շինություններ. 2 ժամատուն, 2 հնագույն եկեղեցի, միաբանական խցեր, հյուրատուն, գործատուն, գրատուն, և այլն, որոնց հիմնական մասը կառուցվել է Զաքարյան իշխանապետության տարիներին։ Հարավարևմտյան մասում Հասան-Ջալալի ապարանքն է, առաջին հարկում` հնձանն ու մառանը։ Դադիվանքի կենտրոնական կառույցը սուրբ Աստվածածին կաթողիկեն է, որը 1234 թվականին կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզու-Խաթունը՝ ի հիշատակ իր ամուսնու՝ Վախթանգ Վախթանգյանի և երկու որդիների՝ Հասանի և Գրիգորի, որոնցից ավագը նահատակվել էր թուրքերի դեմ պատերազմելիս։ Կառույցին համահունչ է երկհարկանի զանգակատունը, որի արևմտյան մասում պահպանվել են երկու խաչքարեր՝ քանդակված 1283 թվականին՝ վարպետ Աթանասի կողմից։ Դրանք, ինչպես նաև պատերին արված արձանագրությունները պատմում են 12-13-րդ դարերի դեպքերի մասին։